ՊԵԿԻՆ, 26ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական ազգային հագուստները մասսայականություն են վայելում երիտասարդների շրջանում և մեծ հեռանկար ունեն համաշխարհային շուկայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողների համար «Jixiang Zhai» բրենդի խանութում կազմակերպված հատուկընդունելության ժամանակ նման կարծիք հայտնեց խանութի տնօրեն Շի Նանան:
«Կարող եմ ասել, որ չինուհիների հետաքրքրությունը ազգային հագուստի նկատմամբմեծանում է՝ լինի պարմանուհի, թե հասուն կին: Երիտասարդներն ազգային հագուստով փորձում են մեր պատմության մասը դառնալ»,-ասաց Շի Նանան:
Նա շեշտեց, որ այժմ արտադրվող հագուստներն իրենց մեջ կրում են տարբեր դինաստիաների առանձնահատկությունները, մանր զարդանախշերն էլ բացառիկ գեղեցկություն են հաղորդում հագուստին:
«Չինական ազգային հագուստը գերող է: Այն հնարավորություն ունի դառնալ համաշխարհային նորաձևության մի մասնիկը»,-առանձնացրեց նա:
«Jixiang Zhai» բրենդը հիմնադրվել է 2002 թվականին և արդեն 20 տարվա պատմություն ունի: Բրենդի հիմնադիրը Յանգ Ֆանն է: Բրենդի հիմնադրման միտքը երիտասարդ դիզայների մոտ ծագել է տարիներ առաջ` եվրոպական քաղաքներում շրջելիս: Նա նպատակ է ունեցել աշխարհում հանրահռչակելու չինական ազգային հագուստը: