Պաշտոնական

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հուլիսի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Ռոզենկրանցը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին, մաղթել արդյունավետ աշխատանք և համոզմունք հայտնել, որ նա իր երկարամյա մասնագիտական կարողությունները լավագույնս կօգտագործի մեր երկու երկրների հարաբերություններն ավելի ամրապնդելու և զարգացնելու համար։

Նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և այս երեք տասնամյակների ընթացքում հայ-շվեյցարական հարաբերություններն աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և սերտ համագործակցությամբ բազմաթիվ ոլորտներում: Նախագահի խոսքով՝ Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի համար դժվարին պահերին հայ ժողովուրդը մշտապես զգացել է Շվեյցարիայի աջակցությունն ու օգնությունը: Նախագահը նաև բարձր է գնահատել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աշխատանքը, որը Հայաստանում տարբեր ծրագրեր է իրականացնում՝ մասնավորապես գյուղատնտեսության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։

Դեսպան Լուկաս Ռոզենկրանցը նշել է, որ մեծ պատիվ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում և իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն՝ արդեն իսկ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերություններն առավել ամրապնդելու և ընդլայնելու համար: Դեսպանի խոսքով՝ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ կա առևտրի, բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության ոլորտներում, և Շվեյցարիան պատրաստակամ է կրկնապատկել առկա ծրագրերի քանակը՝ մասնավորապես ուղղված գյուղատնտեսության զարգացմանը և կլիմայի փոփոխության դեմ պայքարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում