Պաշտոնական

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսրայելում է

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսրայելում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսրայելում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Հուլիսի 18-ին պատվիրակությունն այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան եւ հանդիպել Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայոց պատրիարքարանի գործունեությանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության եւ Հայաստանի միջեւ կապին: Վահան Նարիբեկյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հուլիսի 19-ին հանդիպել է Իսրայելի Քնեսեթի աշխատակազմի գլխավոր տնօրեն Ժիլ Սեգալի հետ: Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը միտված հարցեր: Երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն` տարբեր ուղղություններով զարգացնել աշխատակազմերի համագործակցությունը, նախագծել համատեղ ծրագրեր: Վահան Նարիբեկյանն ընդգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցելու ՀՀ ԱԺ աշխատակազմի պատրաստակամությունը:

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է նաեւ Քնեսեթի կողմից կազմակերպված երկօրյա «Խորհրդարանական ավագ պաշտոնյաների համար» խորագրով աշխատաժողովին: Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայի Բունդեսթագի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի, Կանադայի Համայնքների պալատի, Ավստրիայի խորհրդարանի եւ մի շարք այլ պետությունների խորհրդարանների աշխատակազմերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Քննարկվել են աշխատակազմերի գործունեության կարգավորման համար ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, բյուջետավորումն ու հետազոտական կարողությունները, ներկայացվել է Քնեսեթի աշխատակազմի ժողովրդավարական կրթության մեխանիզմները:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է նաեւ Քնեսեթի խոսնակ Միկի Լեւին` կարեւորելով աշխատակազմերի հսկայական ներուժն ու ազդեցությունը խորհրդարանների արդյունավետ եւ անխափան գործունեության վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում