ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական կալիգրաֆիան առանձնակի տեղ ունի Չինաստանի ազգային մշակույթում: Այն հազարամյակների պատմություն ունի և արտացոլում է չինական պատմության ու մշակույթի բացառիկությունը:
«Արմենպրես»-ի թղթակիցն այս օրերին Չինաստանում է. նա մասնակցում է Չինական համաշխարհային մեդիա կենտրոնի կազմակերպած ծրագրին: Մասնագետները ծրագրի մասնակից լրագրողների համար հատուկ վարպետության դաս անցկացրեցին՝ չինական վայելչագրության վարպետ Չեն Չենի ղեկավարությամբ:
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան կալիգրաֆիայի պատմությանը, առանձնահատկություններին ու տարբեր գրելաոճերին:
Չինական կալիգրաֆիայի հիմնական բաղադրիչներն են վրձինը, սևաներկը, թուղթը (որը ևս բազմատեսակ է լինում) և վրձնամանը: Շուֆան (հեղ.` չինարեն վայելչագրություն)ընդգծում է դրա հեղինակ վարպետի աշխարհայացքը, գեղագիտական ճաշակը, բնավորությունը և փիլիսոփայությունը: Բացառիկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, թե ինչպես է վարպետը բռնում վրձինը և աշխատում դրանով:
Չինական վայելչագրությունն ունի հինգ 5 հիմնական ոճ.
Չժինշու. Այս գրելաոճը ի հայտ է եկել մ.թ.ա. 8-3-րդ դարերում և եղել է պաշտոնական գրելաոճը Ցին Կայսրությունում : Այս գրելաոճն այնուհետև տարածվել է այն տարածքներում, որոնք նվաճել է Ցին Կայսրությունը:
Լիշու. Այս ոճը ի հայտ է եկել մ.թ.ա. 3-րդ դարի երկրորդ կեսին՝ Ցին-Հան դինաստիայի շրջանում՝ որպես նամակներն ավելի արագ գրելու մեթոդ: Այս ոճը ստեղծվել է Չժինշու ոճը փոփոխությունների ենթարկելու եղանակով:
Սինշու. Այս գրելաձևն ավելի հարմար է արագ նամակներ գրելու համար: Ընդունված է համարել, որ այս գրելաձևի հիմնադիրը Լյու Դեշենն է:
Ցաոշու. Այս անվանումը ստացել են չինական հիերոգլիֆները գրելու համար ընդունված ընդհանուր արագագիր ոճերը: Այս գրելաոճն իր հերթին ունի տարբեր ենթատեսակներ:
Կայշու. Այս գրելաոճը ի հայտ է եկել Հան դինաստիայի կառավարման շրջանում՝ Լիշու ոճի էվոլյուցիայի արդյունքում: Կայշու գրելաձևը լայն տարածում է ստացել, քանի որ ավելի հարմարավետ է և համապատասխանել է մարդկանց առօրյա կյանքի պահանջներին: