Մշակույթ

Երևանում բացվող Նոր կինոյի միջազգային դպրոցը կնպաստի կինոարվեստում հետաքրքիր մոտեցումների զարգացմանը

5 րոպեի ընթերցում

Երևանում բացվող Նոր կինոյի միջազգային դպրոցը կնպաստի կինոարվեստում հետաքրքիր մոտեցումների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կբացվի Նոր կինոյի միջազգային դպրոց՝ Yerevan International New Cinema School-ը։ Այն նպատակ ունի պատրաստել ռեժիսորների և սցենարիստների, որոնք կունենան այն հմտություններն ու գիտելիքները, որոնք պահանջում է ժամանակակից կինոն և զգայուն կլինեն ժամանակակից նյութի նկատմամբ, որից կստեղծեն «կենդանի» կինո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դպրոցի ստեղծման գաղափարն առաջացել է Մոսկվայի Նոր կինոյի դպրոցի, Yerevan Biennale Art Foundation-ի և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության արդյունքում։

Հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն ասաց, որ կինոդպրոցի ստեղծումը նախապատրաստական փուլում է: Նրա խոսքով՝ ուրախ է, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որն այժմ ընթանում է, առիթ դարձավ, որ Հայաստանում հյուրընկալվեն այն մարդիկ, որոնց հետ որոշել են կյանքի կոչել միջազգային կինոդպրոցի բացման գաղափարը: «Կա կարծիք, որ անկախ, ապաքաղաքական կինոդպրոցներն ապահովում են ավելի բարձր արդյունավետություն, եթե որպես չափանիշ ավելի շատ դիտարկում ենք փառատոններում ուսանողների նկարահանած ֆիլմերի առատությունը, քան կինոյին նվիրված պետական ինստիտուտները»,-ասաց նա:

Ավետիսյանը նշեց, որ «Ոսկե ծիրանի» ճանաչում ունեցող հյուրերին ևս ներգրավելու են դպրոցի աշխատանքներում:

Թե երբ Երևանում կբացվի կինոդպրոցը, դեռ հստակեցված չէ:

Գենադի Կոստրովը, որը Մոսկվայի Նոր կինոյի դպրոցի ռեկտորն է, ասաց՝ ՌԴ մայրաքաղաքում դպրոցը հաջողությամբ գործում է 11 տարի, Սանկտ Պետերբուրգում՝ վեց տարի: «Դպրոցում տարբեր արվեստանոցներ են գործում, որոշ արվեստանոցներ մրցակցում են միմյանց հետ: Տարիների ընթացքում բազմաթիվ շրջանավարտներ ենք ունեցել: Մեր դպրոցներում սովորել են աշակերտներ հետխորհրդային մի շարք երկրներից: Մեզ հաջողվում է ապահովել միջավայր, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք ընդգծում են ստեղծագործողի անհատականությունը: Մեր վարպետները շատ են ու տարբեր: Նրանցից են Օլեգ Դորմանը, Անատոլի Վասիլևը, Ֆրեդ Քելեմանը, Արթուր Արիստակեսյանը և այլք»,-մանրամասնեց Կոստրովը:

Մոսկվայի Նոր կինոյի դպրոցի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Դմիտրի Մամուլիան անդրադարձավ դպրոցի մեթոդաբանությանն ու շեշտեց՝ սովորաբար կինոդպրոցներում փորձում են սովորեցնել, թե ինչպես կառուցել դասական սցենարը, ինչպես նկարահանել, մոնտաժել և այլն: «Մենք այլ տեսանկյունից ենք հարցին նայում. փորձում ենք էքզիստենցիալ մոտեցում ցույց տալ: Օրինակ՝ ես Հայաստանում տեսնում եմ իրականություն, որին չեմ հանդիպում հայկական ֆիլմերում: Տարեց մարդն անցնում է տների արանքով: Այն ռիթմը, որով այդ ծերունին անցնում է այդ տների արանքով, չի երևում կինոժապավենի վրա, որովհետև դա հեշտ չէ անել: Պարզապես տեսախցիկը մի վայրում դնելով՝ չես կարող բռնել ռիթմը»,-ասաց նա ու հավելեց, որ գոյություն ունի մի ամբողջ մեթոդաբանություն, որին տիրապետելով հնարավոր է ֆիլմերում արտահայտել վերոնշյալ իրականությունը: Իրենց դպրոցներում հենց դա են փորձում սովորեցնել:

Երևանի նոր կինոյի միջազգային դպրոցի համար մշակվել է հատուկ վերապատրաստման ծրագիր, որը մի կողմից հաշվի է առել նոր կինոյի դպրոցների տասնամյա փորձը, մյուս կողմից՝ հիմնված է Հայաստանի՝ եզակի տեսողական և մարդաբանական նյութի, ժամանակի և տարածության հատուկ զգացողության, բնապատկերի նկատմամբ վերաբերմունքի վրա։

Շուտով կհայտարարվի ուսանողների ընդունելության մասին։Դպրոցը բոլորովին նոր ձևաչափ ունի։ Ուսումնառությունը տևելու է երկու տարի։ Դպրոցը նպատակ ունի ուսանողներին տալ ոչ միայն մասնագիտության վերաբերյալ տարրական գիտելիքներ, այլև թույլ տալ նրանց լինել այսօրվա արվեստի էպիկենտրոնում: Դպրոցի խնդիրն է կրթել ընդունակ ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, մոնտաժողներ, ովքեր մոտ ապագայում կարող են փոխել համաշխարհային կինոյի պրոֆեսիոնալ լանդշաֆտը։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում