ՊԵԿԻՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Կենտրոնական Ասիայի մի քանի երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լիաոնինգ նահանգի Ժողովրդական կառավարության կազմակերպած ֆորումի հիմնական նպատակն էր բարիդրացիության, բարեկամության և համագործակցության առկա հիմքերն ամրացնելը և համագործակցության շարունակականությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆորումին մասնակցեցին Կենտրոնական Ասիայի հինգ երկրների` Ղազախստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև Չինաստանի դիվանագիտական և այլ ոլորտների ներկայացուցիչներ, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը: Ֆորումին մասնակցում էին նաև հասարակական և տնտեսական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ֆորումն անցկացվեց Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում:
Ֆորումի ընթացքում քննարկումների հիմնական ուղղություններն էին գյուղատնտեսությունը, կրթական ոլորտը, գենդերային հավասարությունը և թվային էկոնոմիական:
Չինաստանը և Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ`Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը տնտեսական երկարամյա համագործակցություն ունեն, որի հիմքերը դրվել են 30 տարի առաջ` դիվանագիտական կապերի հաստատմամբ:
Ֆորումի ընթացքում անդրադարձ եղավ նաև կորոնավիրուսի պանդեմիային: Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ներկայացուցիչներն այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծեցին Չինաստանի մեծ ներդրումը համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների հաղթահարման գործում: