Չինաստանը ներսից. ճամփորդական նոթեր

5 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամեն ծայրում միշտ բացահայտելու, նորը տեսնելու, զմայլվելու վայրեր կան: Աշխարհի ամենատպավորիչ, առեղծվածային գեղեցկություն ունեցող երկրների շարքում եղել և մնում է Չինաստանը. երկիր հին քաղաքակրթությամբ, մշակութային բազմազանությամբ, բարի մարդկանցով և տնտեսական անսահման մեծ ներուժով: Սրանք պարզապես բառեր չեն: Չինաստանն իր բազմադարյա պատմությամբ մեկ անգամ չէ, որ հիացրել է աշխարհին, և մեր ժամանակներն էլ բացառություն չեն:

2020 թվականն աշխարհը մեկընդմիշտ փոխեց, և մեզ, կարծես, մնում է միայն հարմարվել պանդեմիայից հետո ստեղծված իրականությանը, այլապես առաջ շարժվելն անհնար կլինի: Չինաստանն այն երկրներից մեկն է, որը շարունակում է իր զարգացման ընթացքը՝ միևնույն ժամանակ անողոք պայքար մղելով համավարակի դեմ:

«Արմենպրես»-ի թղթակիցն այս օրերին Չինաստանում է. նա մասնակցում է Չինական համաշխարհային մեդիա կենտրոնի կազմակերպած ծրագրին և առաջիկայում իր ճամփորդական նոթերի միջոցով հայ ընթերցողին մաս կդարձնի Չինաստանի առօրյային, մշակույթին, պատմությանն ու զբոսաշրջային գրավչությանը:

Ճամփորդական նոթեր. մեկնարկ

Երևանից Պեկին հասնելու համար, այն էլ համաշխարհային պանդեմիայի պայմաններում, առնվազն մեկ կանգառ պետք է: Սակայն սա միակ բարդությունը չէ: Չինաստան մեկնել ցանկացողները պարտավոր են ճամփորդությունից առաջ երկու անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել, ինչպես նաև՝ հակամարմնի մեկ թեստ: Միայն Չինաստանի առողջապահական ենթակառուցվածքներին թեստերի արդյունքներն ուղարկելով և QR կոդ ստանալուց հետո կարող եք «կանաչ լույս» ստանալ Չինաստան մեկնելու համար: Սակայն բարդություններն այստեղ էլ չեն ավարտվում: Թեստերի արդյունքները վավեր են միայն 24 ժամ:

Այսինքն` եթե դու Երևանից հասնում ես Ֆրանկֆուրտ (5 ժամ), իսկ այնտեղ սպասում ևս մի քանի ժամ՝ ուղևորությունը շարունակելու համար, ապա ևս մեկ թեստ պետք է հանձնես, ինչը ես արեցի:

Ֆրանկֆուրտից Չինաստան, մասնավորապես՝ Զինան քաղաք, թռիչքի տևողությունը 11 ժամ է: Իհարկե, 11 ժամ օդանավում անցկացնելը բարդ փորձություն է, բայց կարելի է նաև դրական կողմեր գտնել: Երբ դու գերհոգնած ես, 11 ժամ տևող թռիչքը լավ առիթ է օդանավում որոշ ժամանակ «աչք կպցնելու» համար:

Չինաստան ժամանելուն հաջորդում են նոր թեստերն ու կարատինը, որը պարտադիր անցնում է Չինաստան ժամանող յուրաքանչյուր մարդ: Չինաստանի կարգապահությունն այդ հարցում իսկապես օրինակելի է:

Կարանտինը իսկապես բարդ շրջան էր: Թեպետ, ի սկզբանե պետք է կարանտինում մնայինք 14 օր, բայց օրենքը փոփոխության ենթարկվեց, և կարանտինը 10 օր դարձավ: Սակայն առանց մարդկային անմիջական շփման այդ 10 օրերն էլ իսկապես բարդ փորձություն դարձան:

Կարատինի 10 օրերի ընթացքում յուրաքանչյուր նոր օրվա առավոտյան 06:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում պարտավոր ես թեստավորվել: Զինան քաղաքի մեծ հյուրանոցներից մեկը դարձել է կարանտինն անցկացնելու վայր, որտեղ մարդկանց տեղափոխում են անմիջապես օդանավակայանից:

Կարանտինն ավարտվեց, և Զինանից Պեկին հասնելու համար մեզ անհրաժեշտ էր հատուկ հավելված՝ «Health kit», որն իր մեջ պարունակում է քո մասին ողջ տեղեկատվությունն ու թեստերի արդյունքները: Զինանից Պեկին ուղևորության ընթացքում էլ կայացավ մեր առաջին անմիջական «շփումը» Չինաստանի հետ: Գերարագընթաց գնացքը մոտ 400 կմ տարածությունն անցավ 2 ժամում և մեզ հասցրեց Պեկին: Ահա թե ինչ մակարդակի վրա են կոմունիկացիոն ենթակառուցվածքները Չինաստանում:

Պեկինում ևս զերծ չմնացինք «կորոնավիրուսային փորձություններից»: Պեկինում ապրողները պարտավոր են թեստավորվել յուրաքանչյուր 72 ժամը մեկ անգամ:

Ահա այսպիսի արկածներով սկսվեց իմ «չինական մեծ տուրը»: Ես իմ առաջին թեստը Պեկինում հանձնել եմ, սպասում եմ պատասխանին, որից հետո իրավունք կունենամ ազատ շրջել քաղաքում…:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Русский

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք