ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գինեգործությունը Հայաստանում ամենահեռանկարային ոլորտներից մեկն է. ոլորտում նոր ու հետաքրքիր գաղափարների, զբոսաշրջիկներին գրավող ծրագրերի պակաս Հայաստանում չկա:
Ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող հերթական ծրագիր մասին «Արմենպրես պոդքաստի» շրջանակում զրուցել ենք «Գինու ծով» (The Sea Of Wine) ծրագրի ղեկավար Անի Մանասերյանի հետ։
Ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ հիմնական նպատակն է առաջնահերթ զարգացնել գինու զբոսաշրջությունը Հայաստանում, բայց համապարփակ տեսանկյունից Սևծովյան տարածաշրջանի գործընկեր երկրներին դիրքավորել որպես կարևոր գինեգործական ուղղություն և օգնել գինու զբոսաշրջության շահագրգիռ կողմերին մշակել ընդհանուր մոտեցումներ:
«Նշեմ, որ այս նպատակին հասնելու համար ծրագրի ընթացքում մշակվել են գինու երթուղիներ, և դրանք ավելին են, քան գծային քարտեզագրմամբ երթուղիները, մենք մշակել ենք թեմատիկ երթուղիներ՝ «Գինին և արվեստը», «Գինին և արկածները», «Գինին և գաստրոնոմիան», և այլն:
Այս ամենի համար պատրաստել ենք կայք, որտեղ ներկայացված են Հայաստանի բոլոր գինու գործարանները, դրանց պատմությունը և գինու զբոսաշրջային ծառայությունների ցանկը, զբոսաշրջության ծառայությունները բարելավելու նպատակով կազմակերպվել են դասընթացներ գինեգործության ոլորտի շահագրգիռ կողմերի համար»,- ասաց Անի Մանասերյանը:
Նա նշեց, որ առաջիկայում կազմակերպելու են ևս մեկ երեկո՝ «Եկեք խոսենք գինու մասին» խորագրով: Երեկոյի ընթացքում լինելու է շփում ազատ ձևաչափով, քննարկվելու են գինու զբոսաշրջության ծառայությունների մատուցման որակի բարելավման հնարավորությունների հետ կապված հարցեր:
Անի Մանասերյանն ասաց, որ ծրագիրը իրականացվում է «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի կողմից Եվրամիության հետ համաֆինանսավորմամբ։ Ծրագրում ընդգրկված են Սևծովյան ավազանի չորս երկրները՝ Հայաստանը, Հունաստանը, Վրաստանը և Ուկրաինան: «Պետք է ուրախությամբ նշենք, որ ի դեմս «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն»-ի, Հայաստանը ծրագրի համակարգող երկիրն է։ Մենք այն սկսել ենք 2020 թվականի օգոստոսին և կավարտենք մինչև տարեվերջ»,- եզրափակեց նա:
Զբոսաշրջության ոլորտի նոր ու հետաքրքիր ծրագրին ավելի մանրամասն առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:
Զրուցեց Գայանե Գաբոյանը