Հասարակական

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնել է Բելառուս

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնել է Բելառուս

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին:

«Համակարգող խորհրդի հերթական ամենամյա նիստի ընթացքում կքննարկվեն հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների օրինականացման և վերադարձման, քրեական վարույթների շրջանակում գործարարության իրավունքների պաշտպանության, ծայրահեղականության և ահաբեկչության, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում ԱՊՀ անդամ երկրների փորձն ու դատախազությունների գործառույթները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Նիստի օրակարգում են նաև անդամ երկրներում հանցավորության, դատախազական և քննչական գործունեության, հանցավորության դեմ պայքարում միջազգային պայմանագրերի կատարման ընդհանուր վիճակի, Համակարգող խորհրդի՝ 2021թ. գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցները, ինչպես նաև՝ նախորդ տարիներին համակարգող խորհրդի կողմից հաստատված՝ առանձին ուղղություններով համագործակցության ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման, համագործակցության նոր հնարավորություններին առնչվող հարցեր:

ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը հանդիպումներ կունենա գործընկեր առանձին երկրների գլխավոր դատախազների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում