Դատախազության ուշադրության առանցքում են ՀՀ տեղափոխված ՌԴ գործարարների շահերի պաշտպանության խնդիրները. Արթուր Դավթյանը հանդիպել է Իգոր Կրասնովի հետ
4 րոպեի ընթերցում
![Դատախազության ուշադրության առանցքում են ՀՀ տեղափոխված ՌԴ գործարարների շահերի պաշտպանության խնդիրները. Արթուր Դավթյանը հանդիպել է Իգոր Կրասնովի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/06/1086171.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Արթուր Դավթյանը հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին, նշելով, որ այն խոշոր և արդեն կայացած հարթակ է քննարկելու ժամանակակից գլոբալ մարտահրավերների համատեքստում երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև՝ միջազգային և ազգային մակարդակներում գործարարությունը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու ունիվերսալ կառուցակարգերի կատարելագործման հնարավորությունները:
Այս առումով Արթուր Դավթյանը շեշտել է, որ վերջին շրջանում արձանագրվել է ՌԴ բազմաթիվ քաղաքացիների, գործարարների ներհոսք Հայաստան և ՀՀ դատախազությունն իր ուշադրության առանցքում է պահում վերջիններիս անվտանգության, իրավունքների, գործարար շահերի պաշտպանության խնդիրները՝ այդ նպատակով կայուն կապ պահպանելով նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ:
ՌԴ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ՀՀ իր գործընկերոջ մասնակցությունը պետերբուրգյան տնտեսական կարևոր ֆորումին:
Իգոր Կրասնովը նաև գոհունակություն է հայտնել երկու երկրների դատախազական կառույցների միջև տարեցտարի ամրապնդվող համագործակցության բարձր մակարդակի առթիվ, շեշտել դրանում ՀՀ գլխավոր դատախազի ունեցած դերը և գործակցությունն առավել խորացնելու պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի, իրավական փոխօգնության ոլորտներում գործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն արժևորել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված բազմավեկտոր համագործակցության ծրագրերի իրականացման արդյունավետ ընթացքը: Երկուստեք արձանագրվել է, որ այդ ծրագրերով նախատեսված համատեղ միջոցառումներն օգնում են դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանը, հանցավորության դեմ պայքարում երկուստեք առաջնային համարվող ուղղություններով փորձի փոխանակմանը:
Հանդիպմանը քննարկվել են նախորդ տարվա ընթացքում Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման խնդիրները: Մասնավորապես՝ շեշտվել է հրադադարի հանցավոր խախտումների և դրանց հետևանքների համատեղ հետաքննության, միջադեպերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ձևաչափերը ձևական չդարձնելու կարևորությունը:
Արթուր Դավթյանն Իգոր Կրասնովին շնորհակալություն է հայտնել հակամարտության կարգավորման հումանիտար խնդիրների լուծման, կողմերի միջև հաղորդակցության ձևաչափ գործարկելու հարցում ցուցաբերած անձնական լուրջ ներդրման համար: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ չնայած Ադրբեջանում պահվող բոլոր անձանց և ռազմագերիների անվերապահ վերադարձը տարածաշրջանային խաղաղության, անվտանգ գործակցության առանցքային գործոն է:
Արթուր Դավթյանը նշել է, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերն ուղղել այս հիմնահարցի շուտափույթ լուծմանը: