Հատուկ նախագծեր

Podcast-Հարց բժշկին. Երբ խալը սկսում է իր տեսքը փոխել, դա արդեն ահազանգ է, որ այն վերափոխվում է չարորակ ուռուցքի

3 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. Երբ խալը սկսում է իր տեսքը փոխել, դա արդեն ահազանգ է, որ այն վերափոխվում է չարորակ ուռուցքի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած խալ, երբ սկսում է իր տեսքը փոխել, տեղի է ունենում չափի, գույնի փոփոխություն, առաջանում են վերքեր, արնահոսություն, ապա դրանք արդեն ահազանգ են, որ խալը վերափոխվում է չարորակ ուռուցքի՝ մելանոմայի. այն բավականին ագրեսիվ ուռուցք է, որի կանխարգելումը ավելի հեշտ է, քան բուժումը:

«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունքի և ընդունարանի վարիչ, ուռուցքաբան-վիրաբույժ Հրայր Հակոբյանի հետ անդրադարձել ենք խալերի տեսակներին, հնարավոր վտանգներին: Ինչպես նաև խոսել ենք արևի ճառագայթներից հնարավոր վնասներին և դրանց կանխարգելմանը:

Մասնագետը նշեց, որ ճիշտ է, երբ խալեր ունեցողները ժամանակ առ ժամանակ ինքնազննություն կատարեն և ցանկացած փոփոխության դեպքում դիմեն համապատասխան մասնագետի, ով անհրաժեշտ ստուգումներից հետո կորոշի խալի վտանգավոր լինել կամ չլինելը:

Անդրադառնալով արևի ճառագայթների՝ ուլտրաֆիոլետի դրական և բացասական ազդեցությանը՝ մասնագետը շեշտեց, որ առավոտյան 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում արևի ճառագայթներն ունեն վնասակար ազդեցություն, իսկ մնացած ժամերին հակառակը:

«Իմ նշած ժամանակահատվածում արևի ճառագայթները ոչ միայն վնասակար են մաշկի խալերին, առաջացած մելանոմաներին, այլ նաև, մաշկի քաղցկեղի առաջացման առաջին պատճառներից մեկը հենց արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Արևի ճառագայթներից բացի, մաշկի համար բացասական ազդեցություն ունեն նաև արհեստական արևայրուքի սարքերը՝ սոլյարիները: Արդեն ապացուցված է, որ սոլյարիները մաշկի վրա բացասական ազդեցություն ունեն, քանի որ այն համարվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների աղբյուր: Այն կարող է պատճառ հանդիսանալ նույն մելանոմաների և մաշկի քաղցկեղի առաջացման համար»,- ասաց բժիշկ Հակոբյանը:

Մասնագետը շեշտեց, որ պետք է շատ ուշադիր լինել և մաշկային ցանկացած փոփոխության դեպքում արագ դիմել մասնագետին:

Ո՞ր խալերն են ցուցված հեռացնելու համար, խալերի առկայության ո՞ր քանակությունն է համարվում վտանգավոր և ի՞նչ կանխարգելիչ հնարավորություններ կան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Այս և այլ մանրամասներին առաջարկում ենք տեղեկանալ՝ լսելով պոդքաստը:

Շարքիհեղինակ՝ԳայանեԳաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում