Ստեփանակերտի արևածագ. արվեստի փառատոնը կհամախմբի Արցախի, Հայաստանի, Սփյուռքի արվեստագետների

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հունիսի 24-ին կմեկնարկի «Sunrise Stepanakert» (Ստեփանակերտի արևածագ) խորագրով մուլտիմեդիա արվեստի փառատոնը: Այն արդեն երկրորդ տարին է անցկացվում, որն ընդգրկում է լուսանկարչության և թվային արվեստի ցուցադրություն, երաժշտական կատարումներ, կինոդիտումներ և ստեղծագործական վարպետության դասեր: Փառատոնի համահիմնադիրներն են սփյուռքահայ երիտասարդ աղջիկներ, որոնք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Իգործ» ծրագրի շրջանակում եկան Հայաստան աշխատելու ու մնացին այստեղ:

Փառատոնի համահիմնադիր Շուշան Քէշիշեանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մեծ ցանկություն էր առաջացել Արցախի համար ինչ-որ գործ անելու: Սկզբում բարեգործական միջոցառում կազմակերպվեց Երևանում, որի ընթացքում ստացված հանգանակությունն ուղղվեց Արցախից տեղահանվածների աջակցությանը:

«Բարեգործական միջոցառումն իրենից ներկայացնում էր ցուցահանդես՝ լուսանկարներ, գրաֆիկ դիզայն, իլյուստրացիա: Այդ նախաձեռնության շրջանակում սկսեցինք աշխատել Լիլիթ Հակոբյանի հետ: Միջոցառումը հաջողությամբ իրականացնելուց հետո մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ այն չանցկացնել Արցախում և չանել ավելի մասշտաբային: Այդպես մեզ միավորեց այդ գաղափարն ու սկսեցինք աշխատել: Գնացինք Արցախ, քննարկեցինք ու հասկացանք, որ այն պետք է պարզապես ցուցահանդես չլինի, այլ անցկացվի որպես փառատոն, որը կներառի համերգային ծրագիր, կինոդիտում, վարպետաց դասեր և այլն»,-ասաց Շուշան Քէշիշեանը:

Այս տարի ոչ միայն ծրագիրը մեծացավ, այլև աշխատանքային թիմն ընդլայնվեց ու արդեն երկրորդ անգամ «Sunrise Stepanakert» արվեստի փառատոնն իր դռները կբացի Արցախում: Փառատոնի համահիմնադիր Լիլիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի փառատոնին շուրջ 800 մարդ է մասնակցել, այս տարի 1200 այցելություն է սպասվում: Մասնակցելու են արտիստներ ինչպես Արցախից, Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից: Ցուցահանդեսին կներկայացվեն նաև այլազգի արվեստագետների աշխատանքներ: Այս տարվա թեման «Պատկանելիություն»-ն է:

«Փորձում ենք արվեստի միջոցով ներկայացնել, թե ժամանակակից հայի պատկերացմամբ ինչ է «Պատկանելիություն»-ը: Շուշանը Լիբանանից է, որն աշխատում էր Անգլիայում, ես Սանկտ-Պետերբուրգից եմ, բայց ծնվել եմ Վրաստանում: Մեզ նման շատերը փնտրում են այն տեղը, որին պատկանում են: Համախմբելով Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայերին՝ մենք ցանկանում ենք շեշտել, որ ամեն մայրամուտից հետո սկսվում է լուսաբացը: Ուղերձն այն է, որ կյանքը շարունակվում է, պետք է վերածնվենք ու դա անենք արվեստի միջոցով: Մեզ համար կարևոր է, որ Արցախն իրեն զգա միջազգային հարթակի մի մաս: Այն մեկուսացած օղակ չէ, այլ ընդհանուրի մի մասն է: Մենք ուրախ ենք, որ այլ երկրներից մասնակիցներ ունենք, որոնց աշխատանքները նույնպես ներկայացվելու են»,-ասաց Լիլիթ Հակոբյանը:

Փառատոնին ակտիվ ներկայացված են Արցախի ստեղծագործողները, ժամանակակից արվեստագետները՝ երաժիշտ Արթուր Խաչենց, լուսանկարիչ Դիանա Բալուղյան, ռեժիսոր Մարիամ Ավետիսյան և այլք:

Փառատոնն անցկացվելու է մինչև հուլիսի 3-ը: Երևանից անվճար ապահովվելու է տեղափոխում Ստեփանակերտ: Նախաձեռնողները նախատեսում են փառատոնը դարձնել ամենամյա:

Աննա Գզիրյան

Հայերեն English

Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի

Որոշել ենք մեր գործունեությունը դարձնել ավելի հրապարակային. Սուրեն Պապիկյան

Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ

ԱՄՆ նախագահը կրկին առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել «Թրամփի նեղուց»

Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման արդիականացման տեսանկյունից անհրաժեշտ են թռիչքաձև զարգացմանը միտված քայլեր․ ՆԳ նախարար

Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում

Նոր հնագիտական բացահայտում՝ Հին Խնձորեսկի Անապատ եկեղեցում

Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն հաղթել են խոշոր հաշվով

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն է որակել