Հասարակական

Կարևորում ենք համագործակցությունը. Ժաննա Անդրեասյանը և Սոֆիա Զախարակին այցելել են հայ-հունական պետական քոլեջ

3 րոպեի ընթերցում

Կարևորում ենք համագործակցությունը. Ժաննա Անդրեասյանը և Սոֆիա Զախարակին այցելել են հայ-հունական պետական քոլեջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հունաստանի Հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Սոֆիա Զախարակին հունիսի 2-ին այցելել են Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հյուրընկալելով բարձրաստիճան պաշտոնյաներին՝ քոլեջի սաները ներկայացրել են մշակութային ծրագիր՝ արժանանալով բարձր գնահատանքի: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանը, ով անդրադարձել է ուսումնական հաստատության հաջողություններին, համավարակից հետո ծառացած մարտահրավերներին և դրանք հաղթահարելու ուղիներին, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հունաստանի զբոսաշրջության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության դեսպանության կողմից ցուցաբերված աջակցությանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քոլեջում երեխաները ոչ միայն սովորում են հունարեն, այլև հաղորդակից են դառնում հունական մշակույթին: Նա նաև շեշտադրել է «Էրազմուս պլյուս» ձևաչափով հունական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության առանցքային նշանակությունը:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության անունից մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ գործընթացին և շատ ենք կարևորում համագործակցությունը մեր և Հունաստանի ուսումնական հաստատությունների միջև»,-ասել է փոխնախարարը:

Հունաստանի Հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Սոֆիա Զախարակին էլ անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի գործունեության կարևորությանը, փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջնակարգությանը, երկու ժողովուրդների՝ պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի նշանակությանը:

Այնուհետև բարձրաստիճան հյուրերն ունկնդրել են քոլեջի սաների ասմունքը. նրանք հատվածներ են արտասանել հույն գրող Ն. Կազանձակիսի, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, բանաստեղծներ Յ. Սեֆերիսի և Օ. Էլիտիսի երկերից:

Հաջորդիվ տեղի է ունեցել գործնական քննարկում, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հունարենի ուսուցման զարգացման հնարավորություններին:

«Լեզվի իմացությունը դառնում է մասնագիտությունը սովորելու նոր հնարավորություն՝ աշխատանքային պրակտիկան անցնելու համար»,- ասել է նախարարի տեղակալը:

Քննարկման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում հունական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության և համատեղ կրթական ծրագրերին առնչվող հարցերի վերաբերյալ:

Հանդիպումն անցել է կառուցողական և փոխադարձ վստահության ջերմ մթնոլորտում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում