Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը․ Արցախի նախագահի ուղերձը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին ուզում եմ իմ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքը հղել ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Մեր բազմադարյա պատմության տարբեր շրջափուլերում ստիպված ենք եղել կանգնել նույն մարտահրավերների առջև, դիմակայել նույն փորձությունները, անցնել նույն դժվարությունների միջով: Եվ, չնայած ճակատագրի ծանր հարվածներին, միշտ կարողացել ենք ուժ գտնել մեր մեջ և շարունակել ապրել՝ լուռ ամոքելով չսպիացող վերքերը, նորից ու նորից կառուցելով մեր ավերված տունն ու օջախը, շենացնելով հայրենի հողն ու երկիրը:

Վկան՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, և արդյունքում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը, որն այն ժամանակ անիրականանալի երազանք էր թվում ցեղասպանություն ապրած հայ ժողովրդի համար:

Արցախյան 44-օրյա պատերազմը մեզ կրկին կանգնեցրեց բարդագույն խնդիրների առջև: Մեր առջև կրկին ծառացավ Ադրբեջանի կողմից հերթական անգամ կոպտորեն ոտնահարված մեր հիմնարար իրավունքները պաշտպանելու և այդ ճանապարհին միավորվելու, բոլորի ջանքերն ու ներուժը մեկտեղելու, համընդհանուր ուժերով համազգային խնդիրները լուծելու հրամայականը:

Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը: Դա՛ է Հայաստանի Առաջին Հանրապետության կարևոր դասը, դա՛ է պատմական հերոսամարտեր կերտած մեր սուրբ նահատակների պատգամը, որը պետք է անխախտ ուղենիշ լինի յուրաքանչյուր հայի համար:

Ուրեմն, ամեն մեկս մեր տեղում պարտավոր ենք անել մեզնից կախված ամեն ինչ՝ հանուն հայոց պետականության զորացման, հանուն հայ ժողովրդի հավերժական ու անխափան երթի»:

Հայերեն Español

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել