Արթուր Թովմասյանն ու Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի պետը քննարկել են տեղահանվածներին առնչվող մի շարք հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 23-ին Երևանում հանդիպել է Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի և այդ պահին շտաբում գտնվող տեղահանված շրջանների տարբեր խմբերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԺ-ից, Արթուր Թովմասյանը ներկայացրել է վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները, անդրադարձել հատկապես ԱԺ հերթական նիստում հնչեցրած իր ելույթին, որով նա դիմել է Արցախի կառավարությանը՝ ուժը կորցրած ճանաչել որոշումն առ այն, որ հուլիսի 1-ից պետք է դադարեցվի բռնազավթված բնակավայրերի պետական հիմնարկներում աշխատած տեղահանվածների պարապուրդի վճարման գործընթացը։

Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այդ և նմանատիպ այլ հարցերի շուրջ առավել կարևոր քննարկում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Արթուր Թովմասյանը համոզված ընդգծել է, որ նախագահի հանձնարարականներից բխող որոշումներ են ընդունվելու այդ ուղղությամբ՝ ապահովելով սոցիալական արդարությունն ու հավասարությունը:

Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն իր հերթին տեղեկացրել է, որ տեղահանված շրջանների առանձին ընտանիքներին և զոհված կամ անհայտ բացակայող ունեցող ընտանիքներին հավաստագրեր տրամադրելու գործընթացի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների ամփոփումը վերջնափուլում է։

Արթուր Թովմասյանը մտահոգություն է հայտնել թշնամու վերահսկողության տակ գտնվող շրջաններին ու ենթաշրջաններին յուրահատուկ ավանդույթների ու մշակութային տարատեսակ շերտերի հետագա ճակատագրի առումով՝ խիստ կարևորելով այդ արժեքների պաշտպանությունը։

«Ոչ հեռավոր անցյալում նման խնդիր էր ծառացել Շահումյան-Գյուլիստանի մշակութային արժեքների պահպանության առումով, իսկ այժմ կանգնած ենք Հադրութ-Դիզակի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման խնդրի առջև»,- ասել է նա:

Միքայել Վիրաբյանը նշել է, որ ամեն կերպ ձգտում են ուշադրության կենտրոնում պահել ՀՀ-ում ապրող տեղահանված արցախցիների շրջանում մատաղ սերնդի ազգային-մշակութակրթական դաստիարակությունը և համակողմանի աջակցություն է ցուցաբերվում այդ գործընթացին:

Ոչ պակաս կարևոր է տեղահանված շրջանների՝ կրթամշակութային ոլորտների նախկին պատասխանատուների և աշխատակիցների հետ համագործակցությամբ, ինչպես նաև եղած խմբերի հին ու նոր սաների ներգրավմամբ տարբեր ձևաչափի մշակութային միջոցառումների կազմակերպումը։

Օգտագործելով հարմար առիթը՝ Միքայել Վիրաբյանն Արցախի խորհրդարանի ղեկավարին հրավիրել է առաջիկայում նախաձեռնող խմբերի աջակցությամբ կայանալիք՝ երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ, ի դեպ, կցուցադրվի նաև արցախյան բարբառով համեմված ներկայացում:

Հայերեն Español

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին