Քաղաքականություն

Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում դատապարտել է Ուրուգվայում Չավուշօղլուի պահվածքը

3 րոպեի ընթերցում

Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում դատապարտել է Ուրուգվայում Չավուշօղլուի պահվածքը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից «Գորշ գայլերի» ժեստի ցուցադրությանը և դատապարտող ելույթ է ունեցել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վարդանյանը ցույց է տվել «Գորշ գայլեր» արմատական ահաբեկչական կազմակերպության ժեստը, որը պատասխանատու է մի շարք ահաբեկչական հարձակումների և հանցագործությունների համար, որոնք իրականացվել են հայերի, քրդերի, այլ փոքրամասնությունների դեմ։

«Դուք կարող եք հարցնել, թե ինչու եմ ձեզ ցույց տալիս այս նշանը և ինչ փոխկապակցվածություն կա իմ ելույթի և զեկույցի միջև: Ոչ հարգելի գործընկերներ, ես չեմ շեղվում քննարկումից։ Ես դա ցույց եմ տալիս ձեզ, քանի որ ընդամենը երկու օր առաջ Թուրքիայի գործող արտգործնախարար պարոն Մևլութ Չավուշօղլուն դա ցույց է տվել Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներին։ Տարօրինակ է, որ բարձր մակարդակի եվրոպացի դիվանագետն ու քաղաքական գործիչը նման նշան է քարոզում։ Ավելի անընդունելի է դառնում, երբ դա անում է Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահը, մի մարդ, ով այստեղ խոսում էր ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մասին։ Այն մարդը, ում բոլորս աջակցություն ու իրավունք ենք տվել մեզ բոլորիս ներկայացնելու և Եվրոպայի խորհրդի գաղափարները տարածելու և եվրոպական արժեքները պաշտպանելու, իրեն թույլ է տալիս առաջ մղել նման արմատական խորհրդանիշ»,- ընդգծել է Վարդանյանը:

Պատգամավորը նշել է, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջև վստահության հնարավոր ձևավորման գործընթացը։

«Այստեղ ես ուզում եմ ևս մեկ անգամ հստակ նշել, որ մենք Հայաստանում շատ նվիրված ենք եվրոպական արժեքներին և շարունակում ենք անել հնարավորը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար՝ հույս հայտնելով, որ մեր թուրք գործընկերները բավարար կամք կունենան բացել սահմանը և հաստատել նորմալ հարաբերություններ Հայաստանի հետ և նպաստել մեր տարածաշրջանում դեէսկալացիային ու կայուն խաղաղության հաստատմանը»,- ասել է Վարդանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում