ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂ համակարտության կարգավորման գործընթացումհաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:
«Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:
Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»,- նշվում է հայտարարությունում։