1998 թվականին իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու համար. Փաշինյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021 թվականի զեկույցի ներկայացմանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ նախորդ օրը իր ելույթին հետևած՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձին:

«Երեկ ես այս դահլիճում ներկայացրեցի 1998-2018 թթ տեղի ունեցող իրադարձությունների շղթան: Եվ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք»,-ասաց Փաշինյանը:

Ապա նա մեջբերեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»:

Ապա վարչապետը հարցրեց՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը միայն այդ դրվագին արձագանքել:

«Որովհետև այս դրվագի հենց պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թվականին իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր: Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, քանի որ միայն այս դրվագի պարզաբանումն առանց մանրամասների ընդգծում է, որ 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ: Ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թվական, ասում էր, որ ինքն այն ժամանակ 2 անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ուզում էր մնալ վարչապետ՝ Ղարաբաղի հարցի համար: Ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է: Բայց նույն ինքը մոռանում է՝ այստեղից է հայտարարել, որ ինքը մնում էր Ղարաբաղի հարցը լուծելու համար: Ո՞նց էր լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում, և Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի մեզ համար: Գնալո՞ւ էր և ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքերից ևս մեկը, որով Սարգսյանն ասել է, որ երկար ժամանակ չպետք է հույս ունենալ, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:

«Սա էլ այն հարցի պատասխանը, թե իրականում պատերազմական իրադրության հեղինակն ո՞վ է: Մեր իշխանությո՞ւնն է պատերազմի հեղինակը, թե՞ մեր իշխանությունը չէ: Պատերազմը կարելի էր կանխել՝ Սերժ Սարգսյանի հիշատակած անիրատեսական և անընդունելի պահանջները կատարելու արդյունքում»,-ասաց նա:

Վերադառնալով փուլայինի, փաթեթայինի տրամաբանությանը՝ Փաշինյանն ասաց.

«Դեռևս 1997 թվականին նախատեսվում էր հարցը բաժանել մասերի, սկզբում՝ Ղարաբաղի հարց, հետո՝ խաղաղության պայմանագիր: 2016-ի փաթեթով էլ է այդպես, 2018-ի փաթեթով էլ է այդպես: Այդ փաթեթի վրա շատ հստակ գրված է, որ նախնական սկզբունքները համաձայնեցնում են, հետո սկսում է կառավարությունների միջև բանակցություններ՝ ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ: ԼՂ ներկայացուցիչներ ասելով՝ նկատի էր առնվելու ԼՂ-ի հայեր և ԼՂ-ի ադրբեջանցիներ: Եվ այդտեղ է, որ այդ կարգավորման առաջարկով ԼՂ-ի ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ և որևէ կարգավորում չէր լինելու, մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996 թվականից սեղանի շուրջ է եղել: Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին. չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու, և ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր, բացի տարածքներից, տարածքների մասին չեմ խոսում»:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի մասին հայտարարություններին՝ նա ասաց, որ Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչ մի բան չկա, դա հետո պետք է քննարկվեր:

«Եվ դեռ այս փուլայինին մի փուլ էլ է ավելացել, Անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր ԼՂ-ի ընթացիկ կարգավիճակը: Մեզ այսօր ասում են, թե Ղարաբաղը հանձնեցինք, հանձնում ենք կամ ուզում ենք հանձնել: Եթե մենք Ղարաբաղն ուզենայինք հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետև, եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ադրբեջանը շատ հստակ ասում էր, որ առաջիկա 50 տարում հանրաքվե չի լինելու, թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, իրար հետ կապրեն 50 տարի կողք կողքի, ադրբեջանական բնակավայրերը կբնակեցվեն, հետո 50-100 տարուց հետո կտեսնեն»,-ասաց նա:

Հայերեն English Русский

Կառավարությունը 1,5 մլրդ դրամից ավելի գումար կհատկացնի համայնքներում նոր ծրագրեր իրականացնելու համար

Գավառում տեղի ունեցավ վիշապաքարերի կերտմանն ու պահպանությանը նվիրված միջոցառում

Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է

Հունիսի 18-20-ը Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37 աստիճան

Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker

ՀՀ կառավարության նիստ

ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Մոսկվայի մարզը երկու տարվա ընթացքում ԱԹՍ-ների ամենախոշոր հարձակմանն է ենթարկվել