Չի լինի թղթային որևէ շրջանառություն, կներառվեն բոլոր պատվիրատուները. էլեկտրոնային գնումների համակարգն արդիականացվում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում էլեկտրոնային գնումների համակարգն արդիականացման կարիք ունի: Այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկնարկել է էլեկտրոնային գնումների արդիականացման գործընթաց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը նշեց, որ նպատակն է ունենալ արդի պահանջներին բավարարող նոր էլեկտրոնային գնումների համակարգ՝ ներառելով բոլոր պատվիրատուներին:

«Այսօր ոչ բոլոր պատվիրատուներն են, որ էլեկտրոնային գնումների համակարգում են: Օրինակ, չեն ընդգրկվում պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքների ստեղծած առևտրային կազմակերպությունները: Այս կատեգորիաներն էլեկտրոնային գնումների համակարգի ներքո ներառված չեն: Արդիականացման արդյունքում կունենանք լիարժեք էլեկտրոնային համակարգ, չի լինի թղթային որևէ շրջանառություն, ավելի կբարձրանա համակարգի թափանցիկության մակարդակը»,-ասաց Սերգեյ Շահնազարյանը:

Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ նախատեսվում է ստեղծել մի նոր համակարգ, որը կընդգրկի գնումների բոլոր բիզնես պրոցեսները, նոր գործիքակազմի շնորհիվ կլինեն առավել ճշգրիտ տվյալներ: Դա էլ իր հերթին կօժանդակի թափանցիկության բարձրացմանը, վերլուծության բավարար մակարդակի ապահովմանը:

«Այսօր էլ ունենք անհրաժեշտ գործիքակազմ, սակայն դրանք տարբեր ժամանակներում մշակված մոդուլներ են: Ի վերջո, էլեկտրոնային գնումներ ասվածը միայն մրցույթի մոդուլը չէ: Այն ենթադրում է պլանավորում, աճուրդ, պայմանագրերի հաշվառում, պայմանագրերի կառավարում, վճարումների կատարում, հաշվետվողական ենթամոդուլների ամբողջություն: Ըստ էության, մենք դա ունենք, սակայն յուրաքանչյուր մոդուլը տարբեր ժամանակներում է մշակված: Եվ դրանք ինտեգրել միմյանց հետ, որ ունենանք ավելի լավ աշխատող համակարգ, այսօրվա ունեցած պայմանները հնարավորություն չեն տալիս»,-ասաց Սերգեյ Շահնազարյանը:

Գնումների քաղաքականության վարչության պետի կարծիքով՝ էլեկտրոնային գնումների համակարգն, ըստ էության, բարոյապես մաշված է: Էլեկտրոնային մրցույթների համակարգը սկսել է շահագործվել 2012 թվականից, արդեն շուրջ 10 տարի գործում է, և կա անհրաժեշտություն այն թարմացնելու:

«Այսօր ունենք վիճակագրական տվյալների ճշտության մասով խնդիրներ: Կան դեպքեր, երբ մրցույթներն ավարտելուց հետո պատվիրատուները հաշվետվողական համակարգում ձեռքով են լրացնում: Դա խնդրահարույց է այն տեսանկյունից, որ հնարավոր է տեղեկատվությունը ճիշտ չլրացվի: Նոր համակարգի պարագայում այդ ամբողջ ինֆորամացիան կգեներացվի ավտոմատ եղանակով»,-ասաց նա:

Այժմ նախարարությունը սկսել է էլեկտրոնային գնումների համակարգի արդիականացման գործընթացին վերաբերվող առաջարկների հավաքագրում: Սերգեյ Շահնազարյանի խոսքով՝ առաջարկվել է ոչ առևտրային հատվածի գործընկերներին, քաղաքացական հասարակությունը ներկայացնող միավորներին ներկայացնել սեփական առաջարկները, որոնք կարող են ներառվել համակարգի տեխնիկական առաջադրանքում: Կարող են լինել վիճակագրական տվյալներին, թափանցիկությանը և այլ հարցերին վերաբերող առաջարկներ: Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց՝ այս նոր գործընթացի հիմքում դրել են այն տրամաբանությունը, որ բոլոր շահագրգիռ կողմերը բավարարված լինեն նոր համակարգից:

Առաջարկների հավաքագրման փուլին հաջորդելու է բիզնես պրոցեսների օպտիմալացումը, համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակումը: Էլեկտրոնային գնումների նոր համակարգը վերջնական պատրաստ կլինի հաջորդ տարի:

Աննա Գզիրյան

Հայերեն Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը