Արցախ

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

3 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, քննարկվել են Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու դրանց հնարավոր ազդեցությունն Արցախի վրա:

Շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, նախ, զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանն, ընդգծելով, որ որոշակի լարվածության ֆոնին վերջին օրերին օպերատիվ-մարտավարական իրավիճակը հարաբերական կայուն է:

Երկրի ղեկավարը նշել է, որ շարունակվում են ակտիվ ջանքերի ներդրումը Արցախում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ, և այդ առումով միտումները բավականին դրական են:

«Իհարկե, ռուսական կողմի հետ շարունակում ենք ջանքերը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից և Քարագլխի բարձունքից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ: Կուզեի միաժամանակ փաստել, որ Ռուսաստանի Դաշնությունը քանիցս վերահաստատել է իր հանձնառությունը երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը խաղաղապահ զորակազմի ու ռազմաքաղաքական այլ մեխանիզմների միջոցով: 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի դրույթները շարունակում են գործել, և այդ տրամաբանության հիման վրա մեր հայրենիքում շարունակելու ենք մեր խաղաղ կյանքի կառուցումը՝ միևնույն ժամանակ մշտապես բարելավելով մեր անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների արդյունավետությունը»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը շեշտել է նաև, որ հաշվի առնելով նոր իրողությունները և մարտահրավերները լայն տարածաշրջանում՝ Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու երկրի պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ տարբեր ծրագրերի իրականացումը:

Նիստում քննարկվել է նաև խորհրդարանական ուժերի ներգրավմամբ Ազգային ժողովում հասարակական-քաղաքական բաց հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը, որի նպատակն է հանրային տարբեր շրջանակների հետ պարբերաբար հաղորդակցության ու քննարկումների կազմակերպումը՝ երկրում ստեղծված ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հարթակին առաջիկայում կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ դիմելով ԱԺ աշխատակազմին:

Անվտանգության խորհրդի հերթական նիստում քննարկված մի շարք հարցերի վերաբերյալ Հանրապետության նախագահի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում