Հասարակական

Մահացել է բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը

2 րոպեի ընթերցում

Մահացել է բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 74 տարեկանում մահացել է Բնապահպանության և շրջակա միջավայրի նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այդ մասին գրել է նրա դուստր Լիլիթ Օհանյանը:

Կարինե Դանիելյանը ծնվել է 1947 թ․ Երևանում:1964-1970 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի բաժնում, որն ավարտել է գերազանցությամբ: 1971-1974 թթ․ սովորել է ԳԱԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1994-1996 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դոկտորանտուրայում: 1975 թ․ ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան (կենսաքիմիա), 1999 թ. դարձել է աշխարհագրական գիտությունների դոկտոր (գեոէկոլոգիա, սոցիալ-տնտեսական աշխարհագրություն):

241 գիտական հրապարակումների (39 մենագրություն ներառյալ) հեղինակ է։ 1976-1980 թթ․ եղել է ԳԱԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող:1980-1985 թթ․ եղել է ԳԱԱ Կենսոլորտի հիմնախնդիրների գիտական խորհրդի գիտական քարտուղար և ԵՊՀ դասախոս:

1985-1990 թթ․ եղել է ՀԽՀ Կառավարությանն առընթեր Գիտատեխնիկական ինֆորմացիայի ինստիտուտի վարչության պետը:

1990-1991 թթ․ եղել է Երևան քաղաքի փոխքաղաքապետ բնապահպանության և առողջապահության գծով:

1991-1994 թթ․ զբաղեցրել է ՀՀբնապահպանության նախարարի պաշտոնը:

1995-2013 թթ․՝ աշխատել է Երևանի պետական համալսարանում (դոցենտ, ապա պրոֆեսոր):

1995 թվականից ՄԱԿ-ի /UNDP, UNEP, UNICEF/ ազգային փորձագետ է:

2012 թվականից եղել է Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչը:

2018 թ․ ընտրվել է Հանրային խորհրդի Բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում