Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղարին

2 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում, մարտի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, զրույցի ընթացքում բարձր է գնահատվել տնտեսության դիվերսիֆիկացման, մարդկային կապիտալի ու կայուն տնտեսական զարգացման ուղղություններով համագործակցությունը, քննարկվել են հետքովիդյան իրավիճակի առանձնահատկությունները` դեպի ծով ելք չունեցող պետությունների համար կարևորելով վերջիններիս կարիքներին հարմարեցված լուծումների անհրաժեշտություն:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև համագործակցության հնարավորությանը թվայնացման, ինչպես նաև ներդրումների աջակցման ուղղություններով:

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցել մասնավոր հատվածի` թվայնացմանը պատրաստ լինելու գնահատման և ճանապարհային քարտեզի մշակման հարցերում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակելու քննարկումները` ներդրումների աջակցման ոլորտում կոնկրետ նախաձեռնությունների մշակման նպատակով:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի կառավարության անունից վերահաստատել է Օրակարգ 2030-ի և կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու հանձնառությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում