Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 28-ին ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակությամբ են նշել Հայաստանի համապատասխան պետական կառույցների և Հանձնաժողովի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Քեթրին Բոմբերգերին 2020թ. 44-օրյա պատերազմի հայ զոհերի աճյունների ԴՆԹ-ի նույնականացման գործընթացում ունեցած ներդրման համար։

Կողմերը քննարկել են փոխգործակցության ընդլայնման և խորացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաների տեխնիկական վերազինման և նրանց կարողությունների ավելացման առումով: ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է պատերազմի արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև անհետացման հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը՝ այս առումով ընդգծելով Հանձնաժողովի հետ համագործակցության հնարավորություները։

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքները, մասնավորապես՝ շեշտելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությանը։

ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը։

Կարևորվել է իրավիճակի լարվածության թուլացման և տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում