Հատուկ նախագծեր

Podcast-100 գաղափար. ծրագրավորողն առաջարկում է նախագիծ, որը թույլ կտա հայտնաբերել COVID-ի հետևանքները սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների մոտ

4 րոպեի ընթերցում

Podcast-100 գաղափար. ծրագրավորողն առաջարկում է նախագիծ, որը թույլ կտա հայտնաբերել COVID-ի հետևանքները սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների մոտ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում COVID-19 համավարակի տարածման պայմաններում մարդկությունը սկսել է կենտրոնանալ համավարակը կանխելու, դրա առաջացրած հետևանքները բացահայտելու և բուժելու վրա: COVID-19-ի հետևանքները սիրտ-անոթային հիվանդություն ունեցող հիվանդների մոտ վաղ հայտնաբերելու և կանխելու նպատակով էլ Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտ, «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի մասնակից Չինար Մովսիսյանը առաջարկում է նոր նախագիծ:

«Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք նոր նախագծի մասին, որի կյանքի կոչումը, ըստ մասնագետի, առողջապահական ոլորտին հնարավորություն կտա բացահայտելու, թե բուժառուի մոտ խնդիրը ի՞նչ փուլում է գտնվում և որոնք են եղել այն գործոնները, որ նպաստել են այդ խնդիրների զարգացմանը:

«Նախագիծը ստեղծվել է, երբ ընդունվեցի Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտուրա: Իմ ղեկավարի՝ Նյու Յորքի քաղաքային համալսարանի մասնագետ Սոս Աղայանի հետ քննարկելուց հետո հասկացանք, թե այս պահին ի՞նչ խնդիրներ գոյություն ունեն, որոնց կկարողանանք նորարարական լուծում տալ և դարձնել կիրառելի: Բազմաթիվ քննարկումներից հետո որոշեցինք, որ սիրտ-անոթային խնդիրները սկսենք ուսումնասիրել, հասկանալ, թե ինչպե՞ս արհեստական բանականությունը կօգնի դրանք ավելի հեշտ ու արագ լուծել: Բժիշկներին ու բուժառուներին այն կօգնի ավելի արագ և կարճ մեթոդով հասկանալ խնդիրները՝ խուսափելով մի շարք անալիզներից»,- ասաց մասնագետը:

Նա նշեց, որ նախագծի շուրջ սկսել են համագործակցել Հայաստանի Կարդիոլոգիայի ինստիտուտի հետ. քանի որ արհեստական բանականության յուրաքանչյուր նախագծի իրականացման համար անհրաժեշտ են տվյալներ, դրանք տրամադրվել են Կարդիոլոգիայի ինստիտուտի կողմից:

«Նախնական տվյալների մեջ այս պահին դիտարկել ենք այն սիրտ-անոթային հիվանդներին, որոնք դեռևս COVID-19 հիվանդություն չեն ունեցել: Առաջին փուլում մենք ունեցանք այնպիսի արդյունքներ, որոնք թույլ են տալիս սիրտ-անոթային հիվանդությունների կանխատեսման համար ունենալ ծրագիր, որը արագ և բավականին հեշտ կկարողանա հայտնաբերել այն բոլոր գործոնները, որոնք նպաստում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը: Սա առաջին փուլով, երկրորդ փուլով արդեն կոնկրետ նախատեսում ենք ունենալ հենց COVID-19 հիվանդություն տարած հիվանդների տվյալներ և փորձարկումները շարունակել հենց այդ տվյալների հիման վրա»,-ասաց նա:

Նախագծի հեղինակը նշեց, որ նախագիծը այս պահին գտնվում է հետազոտությունների և տվյալներ մշակման փուլում: Նախատեսում են շուտով հոդված տպագրել, իսկ դրանից հետո արդեն կանցնեն հստակ կիրառելի մասի փորձարկումներին:

Նա շեշտեց, որ ծրագրի նպատակն էր հասկանալ, որ արհեստական բանականությունը կարելի է ինտեգրել հիվանդանոցում, որը ռեալ կօգտագործվի հիվանդությունների կանխարգելման և բուժման նպատակով: Եվ երկրորդը՝ բժշկության տեսակետից ծրագիրը շատ կհեշտացնի բժշկական սպասարկումը՝ դարձնելով այն ավելի արագ ու արդյունավետ:

«Մենք առաջարկում ենք մի մեթոդ, որը մինչև այժմ սիրտ-անոթային հիվանդությունների կանխատեսման, զարգացման փուլի հայտնաբերման համար դեռ չի կիրառվել»,-եզրափակեց մասնագետը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը երիտասարդական ծրագիր է, որը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության կողմից գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և նորարարական գաղափարներ առաջարկելու համար: Մրցույթն ունի ավելի քան 20 անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ: 2021 թվականին նախարարի հրամանով մրցույթի անցկացման կարգում իրականացվել էփոփոխություն, ըստ որի ծրագրի համար նախատեսված պետական միջոցների շրջանակում հինգ անվանակարգում սահմանվել է մրցանակային գումար՝ յուրաքանչյուրին 500.000-ական դրամ:

Գայանե Գաբոյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում