ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն վստահ է, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերը և միջազգային հանրության հստակ ու համարժեք դիրքորոշումը կզրկեն Ադրբեջանին Արցախի բնակիչների իրավունքների համակարգված կոպտագույն խախտումները իր ներքին գործերի շարքին դասելու հնարավորությունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ-ի հայտարարությունում:
ԱԳՆ-ից նախ ողջունելի են համարել, որ միջազգային հանրությունը, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ առանձին քաղաքական ու հասարակական գործիչների մակարդակով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված լարվածության սրմանը և Արցախի բնակչության ահաբեկմանը։
«Համոզված ենք, որ Ադրբեջանի՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու և նոր պատերազմ հրահրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը կարևոր հավաքական ներդրում կլինի իրավիճակի կայունացման գործում։Վստահ ենք, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերը և միջազգային հանրության հստակ ու համարժեք դիրքորոշումը՝ լրացված քաղաքական միջոցներով, կզրկեն Ադրբեջանին Արցախի բնակիչների իրավունքների համակարգված կոպտագույն խախտումները իր ներքին գործերի շարքին դասելու հնարավորությունից»,-ասված է հայտարարությունում: