Քաղաքականություն

Էդուարդ Աղաջանյանը ՌԴ-ից ակնկալում է գործնական արդյունք՝ փարատելու հանրության շրջանում որոշ կասկածները

3 րոպեի ընթերցում

Էդուարդ Աղաջանյանը ՌԴ-ից ակնկալում է գործնական արդյունք՝ փարատելու հանրության շրջանում որոշ կասկածները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Ռուսաստանի հետ հարաբերվելու կամ համագործակցելու հնարավորությունները սպառված չեն և գործնականում աշխատանքները շարունակվում են:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Առնվազն սպառված չի ՌԴ խաղաղապահների արդիականությունը վերջիններիս պատասխանատվության ներքո գտնվող տարածքում: Եվ, կարծում ենք, որ վերջիններիս հետ հնարավոր է, այնուամենայնիվ, լուծումներ գտնել և հասնել այն կետին, որպեսզի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից բխող պարտավորվածությունները բոլոր կողմերը իրականացնեն, այդ թվում` ՌԴ խաղաղապահները»,- ասաց Աղաջանյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք Արցախում ՌԴ խաղաղապահների ներկայությունը որևէ ազդեցություն գործնականում չի ունենում, Աղաջանյանն ասաց, որ , առնվազն սոցիալական ցանցերին հետևելով, տպավորություն ունի, որ հանրության բավականին լայն շերտերի մոտ որոշ կասկածներ կան այդ գործընթացների հետ կապված:

«Այդ թվում նաև կան հարցեր և հարցադրումներ առ այն, թե արդյոք հնարավոր է, որ սա տեղի է ունենում ադրբեջանցիների և խաղաղապահների միջև որոշակի պայմանավորվածությունների արդյունքում: Ես անձամբ չէի ուզի այդպես կարծել և որևէ հիմք կամ նույնիսկ ցանկություն չունեմ այդ ուղղությամբ մտածել, բայց ,կարծում եմ, որ սա ևս մի խնդիր է, որը պետք է փարատվի մեր ռուս գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների գործադրման արդյունքում, որի հետևանքով ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան ելման դիրքեր և այս լարվածությունը կնվազի: Դրա արդյունքում ,կարծում եմ, որ մեր հանրության ընկալումները կփոխվեն և նշվածս կասկածները կամ մտավախությունները կփարատվեն»,- ընդգծեց Աղաջանյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չի կարծում, որ ՌԴ գործընկերների հետ այս համատեքստում հարաբերվելու կամ համագործակցելու հնարավորությունները սպառված են և գործնականում աշխատանքները շարունակվում են:

«Ուզում եմ արձանագրել, որ պաշտպանության ոլորտի գերատեսչությունների ղեկավարները միմյանց հետ մշտական կապի մեջ են: Դուք տեղյակ եք, որ երեկ ՀՀ-ի և ՌԴ-ի պաշտպանության նախարարներն են կապի մեջ եղել: Այսինքն` գործնականում աշխատանքները ընթանում են և շարունակվում են, բայց ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր և որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ակնկալում եմ քաղաքական արդյունք և կոնկրետ գործնական արդյունք, որով կարձանագրվի ռուս խաղաղապահների մանդատի իրացումը գործնականում, որով այսուհետ կբացառվեն վերջիններիս պատասխանատվության ներքո գտնվող տարածքում նմանատիպ սադրանքները»,- եզրափակեց Աղաջանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում