Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ շարժն այս պահի դրությամբ կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ շարժն այս պահի դրությամբ կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ Արցախի տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

«Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր»,-ասված է հայտարարությունում:

Արցախի տեղեկատվական շտաբից ավելի վաղ հայտնել էին, որ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Նշվել էր, որ Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Նշվել էր նաև, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում