Արցախ

ԱՀ ԱԱԾ-ն քրեական գործեր է հարուցել ՀՀ-Արցախ գազատարի պայթեցման և գազամատակարարման խափանման դեպքերի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԱՀ ԱԱԾ-ն քրեական գործեր է հարուցել ՀՀ-Արցախ գազատարի պայթեցման և գազամատակարարման խափանման դեպքերի առթիվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործեր է հարուցել Հայաստան-Արցախ գազատարի պայթեցման և Արցախի գազամատակարարման դադարեցման դեպքերի առթիվ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի ազգային անվտանգության ծառայությունից։

«Սույն թվականի մարտի 8-ին, ժամը 23:15-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում պայթեցվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի մայր գազատարը: Նկարագրված դեպքի կապակցությամբ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (Դիվերսիա), որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե:

Սույն թվականի մարտի 22-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայություն է ստացվել «Արցախգազ» ՓԲ ընկերության տնօրենի՝ ԱՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդումը, որի համաձայն մարտի 21-ին ՀՀ-ից Արցախ մատակարարվող գազի ընթացքը խափանվել էր Շուշիի շրջանի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում, գազամատակարարման խափանված լինելը և գազատարում ճնշման առկայությունը վկայում է, որ գազատարի այդ հատվածում տեղադրվել է փական:

Նկարագրված դեպքի առթիվ ազգային անվտանգության ծառայությունում նույնպես հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում