Podcast-100 գաղափար. «Նոր Դաս» հավելվածը կդառնա ինտերակտիվ և բովանդակալից գործիք ուսուցիչների ձեռքին
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խելացի, նպատակասլաց և հետաքրքիր սերունդ կրթելու գործում մեծ ներդրում ունեն դպրոցն ու հատկապես ուսուցիչները: Իսկ այդ կարևոր առաքելությունը ճիշտ և գրագետ իրականացնելու համար անհրաժեշտ են համապատասխան գործիքներ, նոր մեթոդներ և աջակցություն: Հենց այս նպատակով էլ շուտով կլինի մի հավելված, որի շնորհիվ ուսուցիչները կկարողանան ավելի հետաքրքիր, հաճելի և կարճ ժամանակում նախապատրաստվել դասերին և ինքնակատարելագործվել: «Նոր Դաս» հավելվածի կարևորության և անհրաժեշտության մասին «Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք նախագծի համահեղինակ, «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի մասնակից Վաղարշակ Մատիկյանի հետ:
Մասնագետները նախագծի վրա սկսել են աշխատել դեռ 2019 թվականից: «Նոր Դաս»-ը հավելված է, որի շնորհիվ ուսուցչի ինքնակատարելագործումը և դասին նախապատրաստվելը տեղի է ունենում խաղի սկզբունքով: «Մենք գիտենք, որ ուսուցիչները իրական խնդիր ունեն դասին նախապատրաստվելու և այն ուսուցչի աշխատանքի մի զգալի մասն է կազմում, բայց մյուս կողմից գիտենք, որ մեր իրականության մեջ դա անելը հեշտ չէ, որովհետև տարբեր առարկաների հայալեզու նյութերը բացակայում են: Քանի որ առկա էր այս խնդիրը, մենք որոշեցինք ստեղծել մի ինտերակտիվ գործիք ուսուցիչների համար, որի շնորհիվ դասին նախապատրաստվելը և ինքնակատարելագործվելը իրենց համար կդառնա հաճելի, ավելի հետաքրքիր և հսկայական ժամանակ կխնայի»,-ասաց Վաղարշակ Մատիկյանը:

Նա ընդգծեց, որ ըստ գաղափարի, որն այս պահին դեռևս իրականացման փուլում է, ուսուցիչները այնտեղ կարող են գտնել տվյալ առարկայի ծրագրով նախատեսված բոլոր թեմաների համար դասի պլանները, որոնք դրված են լինելու հավելվածում խաղարկային սկզբունքով: Այսինքն, ի սկզբանե ուսուցիչը այդ պլանը չի տեսնելու, այլ անցնելու է այդ փուլերով, պատասխանելու է այդ ընթացքում բոլոր հարցերին և վերջում նոր ստանալու է ամբողջական պլանը: Բացի դա, ուսուցիչը խաղի վերջում ստանալու է իր մեթոդական գործողությունների վերաբերյալ հետադարձ կապ, թե մանկավարժական տեսությունը ինչ է խորհուրդ տալիս տվյալ իրավիճակում անել: «Սա մեթոդական մասով, բայց հավելվածում ուսուցիչը կգտնի նաև պատրաստի հարցեր, բաշխանյութեր արդեն իրական դասի ժամանակ կիրառելու համար: Այսինք, նաև բովանդակային առումով ուսուցիչը կպատրաստվի, օրինակ, «Բագրատունյաց արքայատոհմի կառավարման սկիզբը Հայաստանում» թեմային և հավելվածի շնորհիվ կունենա հարցեր, քարտեզ, նկարներ, որոնք կկիրառի իրական դասի ընթացքում»,-ասաց նա:
Նախագիծն առանձնանում է նրանով, որ հայալեզու նման հավելված, որը պարունակելու է որևէ առարկային վերաբերվող ամբողջական տեղեկատվություն, Հայաստանում դեռևս չկա: Հավելվածը բացի ինտերակտիվ ձևաչափից, նաև ուսուցչի համար ամբողջական բովանդակային շտեմարան է դասին նախապատրաստվելու համար: «Այս պահին որոշակի սահմանափակ թվով բովանդակություն տրված է ծրագրավորողներին: Հավելվածը ստեղծվում է երկու օպերացիոն համակարգերի համար՝ «Անդրոիդ» և «IOS», որպեսզի ուսուցիչները դասերին նախապատրաստվեն իրենց ավելի հարմար պայմաններում: Այս պահին նախագիծը կարելի է ասել ավելի շատ ծրագրավորողներ դաշտում է»,- եզրափակեց մասնագետը:
Նախագծի համահեղինակը նշեց, որ ծրագրի ամբողջական տարբերակի մասին հնարավոր կլինի խոսել առնվազն մեկ տարի հետո:
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը երիտասարդական ծրագիր է, որը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության կողմից գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և նորարարական գաղափարներ առաջարկելու համար: Մրցույթն ունի ավելի քան 20 անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ: 2021 թվականին նախարարի հրամանով մրցույթի անցկացման կարգում իրականացվել է փոփոխություն, ըստ որի ծրագրի համար նախատեսված պետական միջոցների շրջանակում հինգ անվանակարգում սահմանվել է մրցանակային գումար՝ յուրաքանչյուրին 500.000-ական դրամ:
Գայանե Գաբոյան