Տնտեսություն

Ասիական զարգացման բանկը մտադիր է շարունակել Հայաստանում իրականցվող ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Ասիական զարգացման բանկը մտադիր է շարունակել Հայաստանում իրականցվող ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի խորհրդի գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ ներկայացուցիչների հետ ընթացիկ և հետագա համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր քննարկելու հնարավորությունը։

Նախարարն ընդգծել է, որ Ասիական զարգացման բանկի միջոցով Հայաստանում բավական շատ և բազմաշերտ ծրագրեր են իրականացվում, որոնք կարևորվում են ՀՀ կառավարության կողմից։

Արիֆ Բահարուդինն իր հերթին նկատել է, որ համավարակից հետո Հայաստանի տնտեսությունը բավական լավ թափով վերականգնվում է և ցանկություն կա Հայաստանում շարունակել ծրագրերի իրականացումը։ Մասնավորապես հակված են շարունակել դպրոցներում սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, հետաքրքրված են նաև հյուսիս-հարավ ծրագրի հարավային հատվածով, կարևորում են նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը։

ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ճանապարհային ոլորտում իրականացվող ծրագրերով ԱԶԲ գործընկերների կողմից ցուցաբերված ուշադրության և հետևողականության համար։

Փոխնախարարը ներկայացրել է հեռանկարային այն ծրագրերը, որոնք մշակվում և նախապատրաստվում են նախարարության կողմից։

Ե՛վ նախարարը, և՛ Քրիստինե Ղալեչյանն առանձնացրել են հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը և կարևորել ԱԶԲ ներգրավվածությունն այս ծրագրում:

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ծրագրերի արդիականացման և իրականացման հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում