Հասարակական

Դավիթ Գալստյանը միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը վերականգնելու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Դավիթ Գալստյանը միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը վերականգնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022թ․ մարտի 14-ի որոշմամբ փոփոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը։

«Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդատական Գոռ Աբրահամյանը։

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը Պաշտպանության նախարարության հետ կնքել էր պայմանագիր`պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, և դրանց կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ: Սեպտեմբերի 30-ից Գալստյանը կալանավորված էր։

Ըստ ԱԱԾ-ի, նրա ղեկավարած ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում