Մշակույթ

 Լույս է տեսել Վազգեն Ստեփանյանի «Ապրելու բանաձև» պատկերագիրքը, կտավները ցուցադրվում են Գյումրու քաղաքապետարանում

3 րոպեի ընթերցում

 Լույս է տեսել Վազգեն Ստեփանյանի «Ապրելու բանաձև» պատկերագիրքը, կտավները ցուցադրվում են Գյումրու քաղաքապետարանում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել գյումրեցի նկարիչ Վազգեն Ստեփանյանի«Ապրելու բանաձև» խորագրով պատկերագիրքը, որտեղ ներկայացված են նկարչի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև կտավները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ինչպես պատկերագրքի, այնպես էլ նկարչի աշխատանքների ցուցադրության կազմակերպման նախաձեռնությունը Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնինն է. ի հիշատակ հայտնի գեղանկարչի, Գյումրու քաղաքապետարանի ցուցասրահում շուրջ մեկ ամիս «Ապրելու բանաձև» խորագրով անհատական ցուցադրությունը բաց կլինի բոլոր ցանկացողների համար: Ցուցադրությանը ներկայացված է նկարչի 37 կտավ:

«Շատ հետաքրքիր էր նրա կյանքը։ Արթնանում էր, գնում պատարագ ու պատարագից հետո նոր իր արվեստանոցն էր գնում։ Իր նկարների մեջ ծիսական մոտեցում կա, ոգեղենություն, ես կասեի՝ լռություն կա, որովհետև լռությունը շատ դժվար է նկարել։ Հիմա շատերի նկարներում աղմուկն է շատ, դա հեշտ է նկարելը, իսկ լռությունը՝ ոչ։ Նրան իմպրեսիոնիստների հետ էլ չես համեմատի, ինքն ուսումը կիսատ էր թողել, որպեսզի ոչ մի կաղապարի մեջ չհայտնվեր»,- ներկայացնելով Վազգենի՝ գյումրեցիներին հայտնի Չատոյենց Վզոի կտավների առանձնահատկությունը, նշում է արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյանը։

Վազգենը քաղաքի կոլորիտային դեմքերից մեկն է եղել՝ հայտնի ոչ միայն իր կտավներով, այլ նաև տարբերվող խառնվածքով ու հումորով։ «Շատերն են վրձնել Գյումրու փողոցները, նրա եկեղեցիները, տները, մարդկանց: Սակայն քչերին է հաջողվել քաղաքը ցույց տալ «ներսից», նրա խորհրդավոր գորշությունն ու տխուր ուրախությունը. Վզոյի արվեստը խորապես զգացած ու վերաիմաստավորված Գյումրին է, նրա հումորը, փիլիսոփայությունը, տառապանքը, ուրախությունը, որոնք նկարիչը կրել է իր մեջ ու շռայլորեն բաշխել նկարներում: Քանի որ նկարիչը պատկերել է միայն Գյումրու պատմական միջուկը, որը հիմնականում սև տուֆից է, դրանով է բացատրվում նկարների գորշ երանգի գերակայությունը: Սակայն այդ գորշության մեջ փայլ կա, ազնվագույն հանդարտություն։ Նա չի սիրում շատախոսել․ ինչպիսին նկարչի կենդանի խոսքն էր դիպուկ ու հակիրճ, նույնքան էլ վրձնած կտավները։ Վզոյի գործերի մեջ կա լռություն՝ բացարձակ, կենդանի ու լուսավոր։ Անգամ թվում է, որ նկարչությունը նկարչի աղոթքն է առ Աստված։ Ու հենց այդ ոգեղենությունն է նրա արվեստի էությունն ու բովանդակությունը»,-նշում է Արաքս Մարգարյանը։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում