Քաղաքականություն

Փաշինյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի դերը ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական ջանքերում

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի դերը ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական ջանքերում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի շրջանակում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և այդ օրերին հայ ժողովրդի հետ Ֆրանսիայի դրսևորած համերաշխությանը՝ նա հիշեցրեց, որ Մակրոնը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր, ով հստակ և անկողմնակալ գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին:

«Նույն կերպ ֆրանսիական հասարակությունը նեցուկ կանգնեց Հայաստանին ամենադժվար պահին, ինչն արտահայտվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ ի պաշտպանություն արցախահայության իրավունքների ընդունած բանաձևերում: Այս համատեքստում կցանկանայի վերահաստատել Հայաստանի բարձր գնահատականը Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարևոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և հույս հայտնել, որ մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և նպաստել հաղորդակցության ուղիների բացմանը ու տնտեսական համագործակցության խթանմանը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ չնայած Հայաստանի կրած կորուստներին և այն մարտահրավերներին, որոնց բախվել է Եվրոպան՝ ի դեմս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, երկու երկրները կշարունակեն ամրապնդել հայ-ֆրանսիական բարեկամությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում