ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական բժշկական համալսարանում մարտի 8-ից մեկնարկում է «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, նշելով, որ համալսարանական նախաձեռնությունը կազմված է միմյանց հետ փոխկապակցված երեք միջոցառման փաթեթից:
«Մարտի 12-ից սկսած` ԵՊԲՀ առաջատար մասնագետները 100 օրվա ընթացքում յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 11:00-14:00, կիրականացնեն անվճար խորհրդատվություն «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների պոլիկլինիկաներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում: Խորհրդատվությունների արդյունքում անհրաժեշտության դեպքում կիրականացվի 100 վիրաբուժական միջամտություն 50% զեղչով, ներառյալ հարվիրահատական հետազոտությունների ամբողջական փաթեթը»,-գրել է նա:
Արմեն Մուրադյանի խոսքով՝ խորհրդատվության հիման վրա բժշկի կողմից կտրամադրվի հատուկ ուղեգիր, որը հիմք կհանդիսանա հետագա վիրաբուժական միջամտությունները 50% զեղչով իրականացնելու համար:
«Ծրագիրը կհամակարգվի ԵՊԲՀ կլինիկական ոլորտի պատասխանատուներ՝
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ գլխավոր բժիշկ Ա.Յու.Բաբլումյանի,
«Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ գլխավոր բժիշկ Հ.Վ.Ապրեսյանի,
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի բժշկական գծով տնօրեն` Ա.Ա.Ղազարյանի կողմից»,-գրել է ռեկտորը:
Ծրագիրը կտևի մինչև հունիսի 18-ը: