ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանից հնչած հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ:
«Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելևս՝ մեղադրանքներ ներկայացնելու: Ալիևը տարիներ շարունակ բախվել է Հայաստանն արժանապատվորեն ներկայացնող Սերժ Սարգսյանի հմուտ դիվանագիտությանը և ականատես է եղել նախագահ Սարգսյանի բարձր վարկանիշին, որը պաշտոնաթողությունից հետո էլ միջազգային հանրության շրջանում բացարձակապես չի նվազել: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնը թողնելուց հետո էլ, շարունակել և շարունակելու է ներկայացնել Հայաստանի ազգային, պետական շահերն արտերկրում՝ իր լայն կապերի և փորձի շնորհիվ:
Ինչպես 1988 թվականից ի վեր, այսուհետ ևս նախագահ Սարգսյանը հետամուտ է լինելու հայկական սրբազան հողում՝ Արցախում հազարամյակներով ապրող հայ ժողովրդի ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից վստահություն են հայտնել, որ պատմության դատից զատ, գալու է նաև հայ ժողովրդի հանդեպ ոճրագործություններ գործածներին պատժելու ժամանակը: