Podcast-Sport. Կանանց բասկետբոլի հեռանկարները Հայաստանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս պահի դրությամբ օր օրի զարգացող մարզաձևերից մեկը կանանց բասկետբոլն է:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում նման կարծիք հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը: «Կանանց բասկետբոլը Հայաստանում 2015 թվականից ի վեր այլ մակարդակի վրա է: Սկսել ենք մասնակցել միջազգային մրցաշարերի, ինչը ներքին մակարդակը բարձրացնելու համար շատ լավ մեթոդ է»,-ասաց Հարությունյանը:
Վերջինս փաստեց, որ տեսականորեն կանանց բասկետբոլի լիգան զիջում է տղամարդկանց առաջնությանը:
«Այս տարի ֆեդերացիան փոխեց կանոնակարգը և այժմ ներքին լիգային մասնակցում են նաև լեգեոներներ, և այս կերպ լիգան առավել դիտարժան է դարձել: Վստահ եմ, որ Հայաստանի առաջնությունը դարձել է այն լիգան, որը ներկայանալի է նաև դրսի հանդիսատեսի համար»,-ասաց Հարությունյանը:
Նա առանձնացրեց, որ բասկետբոլի, և հատկապես կանանց բասկետբոլի զարգացման համար պետական մոտեցում է պետք, մեծ մեգա նախագիծ, որը կգործարկվի բուհերում և կնպաստի բասկետբոլային սերունդ ունենալուն:
Ֆեդերացիայի փոխնախագահի խոսքով` հաջորդ մրցաշրջանի համար 2-3 թիմ կհամալրի ներքին առաջնությունը, ինչը առավել մեծ հետաքրքրություն կառաջացնի: