Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակահերթեր է արձակել Կարմիր շուկայի և Թաղավարդի բնակելի տների ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակահերթեր է արձակել Կարմիր շուկայի և Թաղավարդի բնակելի տների ուղղությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի մինչև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։

Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաև Կարմիր շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ գտնվում էին կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը:

Հատկանշական է, որ նկարագրված դեպքը վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական պարբերական ակտիվացած գործողությունների հերթական դրսևորումն էր»,- գրել է Ստեփանյանը:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը նորից փաստում է, որ Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական զինված հենակետերը և դրանց միջոցով իրացվող հայատյաց ու ահաբեկչական գործողությունները ուղիղ և անառարկելի սպառնալիք են Արցախի բնակչության իրավունքների՝ մասնավորապես կյանքի իրավունքի համար:

«Վերահաստատում եմ այն պնդումը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունները կրում են պարբերական ու համակարգված բնույթ, որը նպատակաուղղված է Արցախում վախի, հուսահատության մթնոլորտ ձևավորելուն։

Ադրբեջանը շարունակելու է Արցախը ժողովրդի դեմ ուղղված իր հանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել մարդկության դեմ ուղղված ադրբեջանական բացահայտ անօրինականությունները»,- նշել է պաշտպանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում