Պաշտոնական

Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ

3 րոպեի ընթերցում

Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ փետրվարի 10-ին Կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, օրակարգային հարցը վերաբերել է Սիսիան–Քաջարան հատվածի շինարարության համար մրցութային գործընթաց սկսելուն։

Համբարձում Մաթևոսյանն, անդրադառնալով ծրագրի կարևորությանն ու ակնկալվող արդյունքներին, նշել է, որ Սիսիան–Քաջարան հատվածի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է։

«Ծրագրի իրագործումը հնարավորություն կտա մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների անվտանգությունը, նպաստել դրանց տնտեսական զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը։

Նշվում է, որ օրակարգային թեմայի շրջանակում նիստի մասնակիցները քննարկել են մրցութային գործընթացի պատշաճ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել II–րդ տեխնիկական կարգի, 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ, շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ, որոնցից ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ 8.6 կմ երկարությամբ:

Արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը մոտ 58 կմ-ով, տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունն ավելացնել և սահմանել շուրջ 100 կմ/ժ, երթևեկության տևողության ժամանակը նվազեցնել մոտ 1,5-2 ժամով, ինչպես նաև բարձրացնել հարմարավետությունն ու անվտանգությունը։

Ծրագիրը ներառված է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ուղենիշ 2–ում, որի շրջանակներում կառավարությունն արդյունավետ համագործակցում է Եվրամիության, Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ գործընկերների հետ՝ ծրագրի հետագա ֆինանսավորման և իրագործման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում