Հասարակական

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նախագահին

2 րոպեի ընթերցում

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունվարի 19-ին Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելարոպուլուին է հանձնել իր հավատարմագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:

Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Հունաստանի նախագահը շնորհավորել և հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում:

Ընդգծելով Հայաստանի ու Հունաստանի ավանդական բարեկամական հարաբերություններն ու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ երկու երկրները համագործակցությունն առավել խորացնելու մեծ ներուժ ունեն և հույս հայտնել, որ իր գործունեության արդյունքում հայ-հունական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի` նպաստելով երկու եղբայրական ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը: Դեսպանն ընդգծել է, որ հայ-հունական հարաբերությունները հիմնվում են ընդհանուր արժեքների, սկզբունքների և եղբայրական կապերի վրա, որոնք վեր են բոլոր տեսակի այլ շփումներից։ Միաժամանակ դեսպանը նշել է, որ իր գործունեության առանցքում լինելու են ոչ միայն քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, այլ նաև մշակութային և գիտակրթական ոլորտներում առկա մեծ ներուժի կիրառումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության շուրջ:

Նախագահ Կատերինա Սակելարոպուլուն հաջողություններ է մաղթել դեսպան Մկրտչյանին Հունաստանում դիվանագիտական առաքելության իրականացման գործում և արտահայտել իր աջակցությունն այդ առաքելությանը: Հունաստանի նախագահը նաև շնորհավորել է հունվարի 20-ին լրացող Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում