ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունվարի 8-ին կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, նախագիծը ներկայացրել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԱՆ տեղակալ Լենա Նանուշյանը: Նշվել է, որ հայեցակարգի մշակման գործընթացում ուսումնասիրվել են մի քանի մոդելներ, և հիմքում դրվել է պետական առողջապահական համակարգի գաղափարը:

Բարեփոխման նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է և բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումը:

Ներկայացվել են համակարգի ներդրման ֆինանսական գնահատականի, հիմնական ծառայությունների փաթեթի կազմման, ապահովագրվող բնակչության խմբերի սահմանման, անհրաժեշտ ծախսերի հաշվարկման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նշվել է, որ նախագիծը քննարկման փուլում է շահագրգիռ գերատեսչությունների հետ, հաստատումից հետո նախատեսվում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում: ԱՆ պատասխանատուներն ընդգծել են, որ համակարգի հաջող ներդրման կարևոր գրավական է ոլորտի մյուս բարեփոխումների զուգահեռ իրականացումը՝ ենթակառուցվածքների բարելավումը, էլեկտրոնային առողջապահության զարգացումը, առողջության առաջնային պահպանման օղակի կարողությունների հզորացումը և այլն:

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն: Արծարծվել են ֆինանսավորման մեխանիզմներին և աղբյուրներին, բնակչության խմբերի որոշմանը, ապահովագրավճարի չափին և հավաքագրմանը, ծառայությունների որակի չափանիշներին, ապահովագրվածների առողջապահական ծախսերի համար անհրաժեշտ գումարների հաշվարկմանը և ծախսարդյունավետությանը, սոցիալական արդարության և սոցիալական համերաշխության ապահովմանը, ներդրման ռիսկերին վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Վարչապետն, ընդգծելով բարեփոխման կարևորությունը, նշել է, որ առողջության համապարփակ ապահովագրության առաջնահերթ նպատակը պետք է լինի հիվանդությունների կանխարգելումը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է այնպիսի մոդելի ներդրում, որը կերաշխավորի ծախսարդյունավետ և որակյալ առողջապահական համակարգի գործունեությունը: Կառավարության ղեկավարը կարևորել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը զուգահեռ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը՝ հաշվի առնելով այդ բարեփոխումների փոխկապակցվածությունը և փոխազդեցությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խորհրդակցության արդյունքներով լրամշակել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել ամփոփիչ քննարկման:

Հայերեն English Français Русский

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ