Անի համայնքում շահագործման է հանձնվել նորակառույց սպանդանոց
1 րոպեի ընթերցում
![Անի համայնքում շահագործման է հանձնվել նորակառույց սպանդանոց](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1071684.jpg)
ԳՅՈՒՄՐԻ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Անի համայնքում շահագործման է հանձնվել նորակառույց սպանդանոց, որը համապատասխանում է Սննդի անվտանգության տեսչական մարմին կողմից պահանջվող չափորոշիչներին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ սպանդանոցը զբաղեցնում է 1.2 հա տարածք, շինության մակերեսը 650 քառակուսի մետր է և ունի բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանության համար:
Ըստ հերթափոխում իրականացվող մորթի քանակության կամ սպանդային միավորի՝ համարվում է միջինը 30-300 սպանդային միավոր հզորության( 30 խոշոր և 300 մանր եղջերավոր):
Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունքում «Ֆրանս» ՍՊԸ-ն իրականացրել է 150 մլն դրամի ներդրում, սարքավորումները ձեռք են բերվել Իտալիայից՝ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրով:
Մարզում ընթացքի մեջ են ևս 3 սպանդանոցի կառուցման աշխատանքները:
Արմենուհի Մխոյան