Քաղաքականություն

Այս որոշմանը ինքներս ծանր ենք հանգել. Արմեն Գալջյանը՝ Մարությանին անվստահություն հայտնելու մասին

2 րոպեի ընթերցում

Այս որոշմանը ինքներս ծանր ենք հանգել. Արմեն Գալջյանը՝ Մարությանին անվստահություն հայտնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանի շուրջ ծանր իրավիճակ է ստեղծվել և ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին որոշում կայացնելը։

«Անշուշտ, ծանր իրավիճակ է և այս որոշմանը ինքներս ծանր ենք հանգել, բայց ,կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում դա անհրաժեշտություն էր, որովհետև առաջացել էր ճգնաժամ ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև։ Շատ եմ ուզում, որ մենք այսօր անձնավորված որևէ ելույթ չունենանք, որովհետև Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք, որևէ անձնային խնդիր չկա, զուտ ինստիտուտների բախում է տեղի ունեցել, և ուզում եմ, որ մենք այսօր այդ շրջանակներում ելույթներ և քննարկումներ ունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց Գալջյանը։

Ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի՝ Հայկ Մարությանի՝ ՔՊ-ից դուրս գալը ճգնաժամի ստեղծման առիթ է դարձել, սակայն մեկ տարի այդ պայմաններում աշխատել են։

«Բայց այստեղ ամենակարևորը հետևյալն է, որ այդ պատճառով ստեղծված իրավիճակը մեզ թույլ չի տա առաջիկա երկու տարիներին արդյունավետ աշխատել և ծառայել Երևանին։ Ինչպես հայտնի է, մենք քաղաքապետի թեկնածու առաջադրել ենք քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին, որը չի հանդիսանում ՔՊ-ի անդամ։ Սա վկայում է այն մասին, որ կուսակցական խնդիր չի լուծվում այս որոշմամբ, ընդամենը քաղաքի առաջիկա երկու տարիների արդյունավետ կառավարման հարցն է լուծվում։ Վստահ եմ, որ կկարողանանք շարունակել այն բարեփոխումները, որոնք սկսել է Հայկ Մարությանը»,- եզրափակեց Գալջյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում