Ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ օգտագործած վիճակում մեքենա վարող անձանց
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ, դեկտեմբերի 15-ին մայրաքաղաքում իրականացրել են համալիր միջոցառում. նպատակը եղել է մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում ընդգրկված անձանց հայտնաբերելը, որոնք մեթադոն թմրամիջոց օգտագործելուց անմիջապես հետո մեքենա էին վարել։«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից
«Հիշյալ ծրագրում ընդգրկված անձինք զրկված են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Միջոցառման ընթացքում հայտնաբերվեց նման 5 անձ։ Նրանց վարած մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: