Սեյրան Օհանյանը սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ պայմաններ չի տեսնում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար անհրաժեշտ իրական պայմաններ չի տեսնում, կարևորում է այդ հարցի հետ նույն փաթեթում կապել Արցախի ինքնորոշման հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այն բանից հետո, երբ ԱԺ արտահերթ նիստը սկսելու համար քվորում չէր ապահովվել:

ԱԺ արտահերթ նիստով ընդդիմությունը նախաձեռնել էր «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծի քննարկում: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նիստին չէին ներկայացել, ներկա էր ՔՊ անդամ, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Մենք ստիպված էինք արտահերթ նիստ անցկացնել, բայց այսօրվա իշխանությունները բոյկոտում են: Այս հարցի շուրջ ընդդիմության կողմից նախաձեռնված լսումները, արտահերթ նիստը և ԱԺ հայտարարության անհրաժեշտությունը առաջին հերթին բխում են ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից: Մենք բավականին բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք, Թուրքիայի աջակցությամբ վարձկան ահաբեկիչների ընդգրկմամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծած հանցավոր պատերազմի արդյունքում զավթվել են Արցախի Հանրապետության տարածքները»,- ասաց Օհանյանն ու հիշեցրեց նաև ադրբեջանական ուժերի՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու մասին:

Նա մեղադրեց գործող իշխանությանը զորքերը որոշ տեղերից բանավոր ցուցումով հետ քաշելու մեջ: Ըստ նրա՝ այս պայմաններում խնդիր է լինելու իրական սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնելու հարցում: Սահմանազատման, սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակում Օհանյանը լուրջ ուսումնասիրությունների կարիք է տեսնում:

«Մենք սահմանազատման և սահմանագծման իրական պայմաններ չունենք: Եվ եթե սահմանազատումն ու սահմանագծումը չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպասում նաև Արցախի Հանրապետության ճակատագրին, Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում ապրելու իրավունքին: Սահմանազատում և սահմանագծում նշանակում է խաղաղության պայմանագիր, փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում»,- կարծիք հայտնեց Օհանյանը:

Նա իշխանությանը մեղադրեց ընթացակարգերի խախտմամբ պայմանավորվածությունների գնալու մեջ: Եվ ընդդիմադիր երկու խմբակցությունները, այս ամենը հաշվի առնելով, նախաձեռնել են ԱԺ-ում տարբեր գործիքակազմերի օգտագործման ամբողջ գործընթաց՝ իրականացնելու խորհրդարանական վերահսկողություն գործադիրի նկատմամբ:

Օհանյանը հիշեցրեց՝ ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման ժամկետը 5 տարի է: «Նշված է, որ կողմերից մեկի 6 ամիս շուտ դիմելու պարագայում խաղաղապահ ուժերի գործողությունները կարող են դադարեցվել: Մենք փոփոխություն ենք մտցրել այդտեղ, հակառակ տեսակետն ընդգծել հայտարարությամբ: Եթե կողմերից մեկը հայտարարում է, որ խաղաղապահ ուժերի գործողություններն Արցախի տարածքում պետք է երկարաձգվեն, ապա դրանք ավտոմատ կերպով երկարաձգվում են ևս առնվազն 5 տարով»,- ասաց նա:

Օհանյանը վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքը դեմ չէ ոչ խաղաղությանը, ոչ սահմանազատմանն ու սահմանագծմանը, ոչ էլ հարևանների հետ համապատասխան հարաբերություններ ձևավորելուն:

«Բայց յուրաքանչյուր գործընթաց իր ընթացակարգերն ունի և այս գործընթացի իրականացման իր պայմանները: Ես չեմ տեսնում, որ այսօր ՀՀ նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ արտահայտված հռետորաբանությամբ, իրենց երկրի ներսում հայատյացությամբ, ճնշումներով, ՀՀ տարածք մտնելով, տարբեր ահաբեկչություններով, նպաստում է այդպիսի քայլերի գնալուն»:

Հայերեն

Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

Գյումրիում տոնական միջոցառումներ են անցկացվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Դուք նշանակալի ներդրում եք ունենում ԵԱՏՄ տարածքում համագործակցության ամրապնդման գործում. ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները Հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ

Ռուսաստանում կամրջի փլուզումը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարի. կան զոհեր ու վիրավորներ

Հունիսի 1․ Ադրբեջանի կողմից արցախցի երեխաների խաթարված մանկություն, ոտնահարված իրավունքներ

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ. Փաստերի ստուգման հարթակ

ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ