ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը դեկտեմբերի 13-19-ը կանցկացնի Հայրենադարձության շաբաթ: Յոթնօրյա միջոցառումների շարքը նախատեսված է այն սփյուռքահայերի համար, որոնք ցանկանում են իրենց կյանքը շարունակել Հայաստանում, մտածում են հայրենադարձության մասին կամ պարզապես տեղեկացված չեն հայրենիք վերադարձի հնարավորությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Ըստ աղբյուրի՝ Շաբաթն անցկացվելու է առաջին անգամ և բաղակացած է լինելոի առցանց և անցանց միջոցառումներից, հայրենադարձների դեռևս չպատմված լուսանկարչական և տեսապատմություններից:
«Արևմտահայերեն ուղիղ միացումը դեկտեմբերի 13-ին կանդրադանա Միջին Արևելքի հայ համայնքների իրավիճակին՝ Լիբանանից, Սիրիայից և Քուվեյթից հայրենադարձների հետ քննարկման ձևաչափով:
Դեկտեմբերի 14-ին իսպաներեն ուղիղ միացմամբ արգենտինահայ և ուրուգվահայ հայրենադարձները կխոսեն Հայաստանում մասնագիտական աճի հնարավորությունների մասին:
Դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայից և Բելգիայից հայրենադարձները ֆրանսերենով կպատմեն Հայաստանի կենսակերպի և ապրելաոճի մասին:
Դեկտեմբերի 16-ին ռուսաստանահայ հայրենադարձները ռուսերենով կպատմեն անհատական և ընտանեկան հայրենադարձության խնդիրների ու դրանց հաղթահարման հնարավորությունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 17-ին հայրենադարձ երիտասարդները ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում կմասնակցեն կապերի հաստատման և ծանոթությունների ընդլայնման միջոցառման:
Նշվում է, որ դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից Հայաստան ժամանած և այստեղից հեռավար աշխատանք իրականցնող մասնագետներն անգլերեն կներկայացնեն Հայաստանից աշխարհի համար հեռավար աշխատանքի հնարավորություններն ու առավելությունները:
Դեկտեմբերի 19-ին շաբաթը կեզրափակվի հայրենադարձ ընտանիքների երեխաների մասնակցությամբ ամանորյա միջոցառմամբ:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ «Հայրենադարձության շաբաթ»-ի բոլոր միջոցառումների մասին նորությունները հասանելի կլինեն
https://bit.ly/3rFdx4r հղմամբ: