ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արձակագիր, թարգմանիչ Սաթենիկ Մկրտչյանը, որն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը, ընթերցողների դատին է հանձնել «Մենք և մենք» պատմվածքների ժողովածուն:
Պատմվածքների միջոցով Մկրտչյանն անդրադառնում է Հայաստանում առկա խնդիրներին, բարձրաձայնում օտար երկրներում ապրող հայերի՝ հայրենիք վերադառնալու և մի շարք այլ հարցեր:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրողը նշում է, որ «Մենք և մենք»-ը այսօրվա հայի մասին է: Նա վստահեցնում է, որ հայի տեսակը միջին որակ չունի. կա՛մ ամենալավն է, կա՛մ ամենավատը: «Գրքում զետեղված բոլոր ստեղծագործությունները նախ լույս են տեսել «Գրական թերթ» ամսագրում, և հատկապես հասուն ընթերցողները սիրով են կարդացել դրանք, սակայն, կարծում եմ, որ այսօրվա մարդիկ գրականության հետ շատ աղերսներ դժվար ունենան»,- ասում է գրողը:
Սաթենիկ Մկրտչյանին հաճախ են հարցնում, թե ինչպե՞ս է ստացվում, որ նրա թեմաները չեն վերջանում: Պատասխանում է՝ պարզապես պետք է պարզել ձեռքերը, վերցնել նյութն ու հանձնել թղթին: Այդպիսիներից են, օրինակ, գրքում ներառված «Բացիլ, որ յանիրաւի կոչի «կորոնա» պատմվածքը, որն անդրադառնում է համավարակին, ինչպես նաև «Մի՛ ստիր» այլաբանական պատմվածքը, որում Մկրտչյանը հերոսներից մեկին դժոխք է ուղարկում, որովհետև վերջինս ստի միջոցով քայքայել է ընկերոջ ընտանիքը: «Կա ևս մեկ գործ, որը գրքում տեղ չի գտել: Այս պատմության մեջ տղամարդկանց կոտորում են, իսկ կանայք գնում եմ պատերազմ թուրքերի դեմ: Երեխաներին տանում են բլուր ու խնդրում, որ այդտեղից չիջնեն: Առանձին գիրք եմ հրատարակել, որում զետեղվել են վերոնշյալ պատմվածքները»,-տեղեկացնում է հեղինակը:
Երբ Սաթենիկ Մկրտչյանին մի բան են պատմում, նա մտածում է, թե ինչպես է հնարավոր մատուցել դա, վերածել հետաքրքիր պատմության: «Եթե պատմությունն օգուտ չի տալիս, վնաս կտա, եթե վնաս էլ չտա, կնմանվի հեքիաթի՝ ժողովրդական «նաղլի»: «Նաղլ» ասել են, երբ մտերիմները հավաքվել են մի սենյակում ու պատմություններ պատմել միմյանց: Եթե դու ոչինչ չես սովորեցնում, պետք էլ չէ, որ գրես, եթե ամեն հերոսիդ հետ չես տառապում, չես ծնվում, չես մեռնում, չես ցավում, բացարձակ պետք չէ գրել: Իմ հերոսները… Իմ կողքով անցնող ցանկացած մարդ իմ հերոսն է: Իմ ամբողջ աշխարհն է ինձ հետ: Անհրաժեշտ է պատմություններով մարդկանց ասել, թե ինչ է պետք անել այն օրերին, երբ աշխարհը խառնակ վիճակում է: Ինչպես ասում էր տատս՝ շունը շապիկ է հագել, կատուն՝ վարտիք: Ոչ մեկը չգիտի, թե ով ինչ է անում, պետք է ինչ-որ մի բան տաս և ասես, որ այդպես չի մնալու, լավ է լինելու»:- Նշում է գրողն ու հավելում, որ կարևոր է հույսը, որի խարխլվելու դեպքում սկսում ես կործանվել:
Սաթենիկ Մկրտչյանի առաջին վիպակը լույս է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, հետո Մոսկվայում հեղինակի երկու գրքերն են հրատարակվել այն դեպքում, որ այդ գրքերում Մկրտչյանը իրականության հանդեպ քննադատական մոտեցումներ է արտահայտել: «Գրում եմ՝ Ստալինը մահացել է. լաց են լինում բոլորը: Հայրս առաջարկում է տանից դուրս գալ, և պարզվում է, որ ամբողջ քաղաքը լաց է լինում: Այդ ժամանակ ասում եմ, որ պետք է ետ գնալ տուն, որովհետև այնտեղ գոնե տան չափի գժանոց է: Այդ տողերի համար գիրքը երկու ամիս «բանտարկված» է մնացել Արտաշատի տպարանում, իսկ երկրորդ վիպակից մի գլուխ էին հանել, երբ տատը թոռանը եկեղեցի է տանում»,- հիշում է հեղինակը:
… Իսկ «Մենք և մենք» գրքում Մկրտչյանը ներառել է պատմվածքներ, որոնք ծնվել են 2018-2021 թվականներին: Ստեղծագործություններից միայն մեկն է գրվել 2015-ին, և արդիական է մինչ օրս: Այն պատմում է նախորդ երեսուն տարվա անցքերի մասին: Ըստ Մկրտչյանի՝մենք մեզ համար ստեղծել ենք անելանելի փակուղի:
«Այս գրքով հայրենակիցներիս հորդորում եմ վերադառնալ Հայաստան: 2020-ին Ուրալում էի, երբ կորոնավիրուսը հասավ Հայաստան, վերադարձա: Այնտեղ ապրող հարազատներիս ասացի, որ պետք է գնալ իմ ժողովրդի մոտ: ԱՄՆ մեկնելուց ևս հրաժարվել եմ: Եթե դրսում լինեի, և այսքան բան կատարվեր Հայաստանում, կմեռնեի, որովհետև դրսում այս ամենն ավելի սուր է ընկալվում, շատ դժվար, իսկ այստեղ բոլորի հետ ես: Կմեռնենք՝ կմեռնենք բոլորս, կապրենք՝ կապրենք բոլորս»,-եզրափակում է Սաթենիկ Մկրտչյանը:
Զրուցեց Անժելա Համբարձումյանը