Մասնագետն անհրաժեշտություն է համարում մինչև 2050թ. Հայաստանի անտառային տարածքների կրկնապատկումը
3 րոպեի ընթերցում
![Մասնագետն անհրաժեշտություն է համարում մինչև 2050թ. Հայաստանի անտառային տարածքների կրկնապատկումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1069386.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սամվել Թամոյանն անհրաժեշտություն է համարում մինչև 2050 թվականը Հայաստանի տարածքում առկա անտառային տարածքների կրկնապատկումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնագետը նման կարծիք է հայտնել լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա շեշտել է՝ քանի որ Հայաստանի անտառային տարածքները կազմում են ընդամենը 10-11-%, դրանք էկոլոգիական առումով ոչ մի նախադրյալ չեն ստեղծում լանդշաֆտների և առհասարակ ամբողջ հանրապետության էկոլոգիական վիճակը բարեկարգելու համար: Հետևաբար` անտառային տարածքների կրկնապատկումը պարզապես անհրաժեշտություն է:
«Անտառտնկումը, իհարկե, մեր մարտահրավերն է, որ պետք է կատարենք, բայց երկու շատ կարևոր հարց կա՝ որտե՞ղ ենք տնկելու անտառը և ի՞նչ տնկանյութ ենք օգտագործելու: Եթե մոտավորապես այսօրվա անտառային մակերեսների չափ մակերես հատկացնենք նորից անտառային տարածքի, հանրապետության գյուղատնտեսությունը լրջորեն կտուժի, մենք այդքան տարածքներ չունենք, իսկ չտնկել էլ պարզապես չենք կարող, մեր լանդշաֆտները պահպանելու համար այն խիստ անհրաժեշտ է: Հետևաբար, տնկումը պետք է իրականացվի հենց գյուղատնտեսական օգտագործման միջավայրում՝ ագրոլանդշաֆտում, և դա պետք է անել պարզապես չօգտագործվող, այլ նպատակի համար ոչ պիտանի՝ քարակույտերով և աղբով պատված տարածքներում, որոնք մեր հանրապետությունում շատ են: Մեր պատկերացմամբ՝ հենց սրանք էլ պետք է լինեն մեր անտառային զանգվածի ապագա տարածքները»,- ասաց Թամոյանը:
Անդրադառնալով տնկանյութերի հարցին՝ Սամվել Թամոյանն ասաց, թեայն հաշվարկը, որ արվել է մեկ տարվա համար՝ 10 միլիոն տնկանյութ, բավականի քիչ քանակ է. ըստ իրենց հաշվարկների՝ տարվա կտրվածքով տնկանյութերի թիվը պետք է հասցնել մինչև 40 միլիոնի: Դրսից ներկրելը նպատակահարմար չէ ոչ մի առումով, ո՛չ էկոլոգիապես, ո՛չ ֆինանսապես, հետևաբար պետք է տնկանյութը տեղում ստանանք: Հաշվի առնելուվ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը բույսի վրա՝ պետք է սկսել տնկիները աճեցնել այնտեղ, որտեղ իրականացվելու է տնկումը: Թամոյանը հատնեց, որ այս առաջարկներին դրական է արձագանքել նաև Շրջակա միջավայրի նախարարությունը:
Նա շատ կարևորեց նաև մեր ազգային ծառատեսակների պահպանման հարցը, քանի որ, դրսի տարբեր տեսակի տնկանյութեր ներկրելով, մենք կամաց-կամաց կկորցնենք ազգային շատ ծառատեսակներ: Պետք է փորձել նոր տեսակները ներկրել, բայց ոչ տեղական տեսակները զանգվածաբար դուրս հանելու հաշվին: