«Մետրոգիպրոտրանս»-ը ՀՀ կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոյի նոր՝ Աջափնյակ կայարանի նախագծման մրցույթում հաղթող է ճանաչվել, ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նախագծման աշխատանքների և մետրոյի հեռանկարային զարգացման խնդիրներ են քննարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքային տրանսպորտային բարեփոխումների մեջ կարևոր տեղ ունի մետրոպոլիտենի զարգացումը, և Երևանի քաղաքապետարանը հստակ քայլեր է ձեռնարկում նոր կայարանը կառուցելու նպատակով:

«Տրանսպորտային ընդհանուր բարեփոխումները, որոնք շատ կարևոր են Երևանի համար, բաղկացած է մի քանի մասերից և, իհարկե տարբեր փուլերից: Մենք այժմ շատ ակտիվ զբաղվում ենք վերգետնյա տրանսպորտով, այսինքն՝ ավտոբուսների համալրմամբ և արդեն դրանց շահագործմամբ, որը շարունակական բնույթ է կրում և զուգահեռաբար զբաղվում ենք նաև ստորգետնյա տրանսպորտով, որը մետրոպոլիտենն է: Երևանի քաղաքապետարանի կողմից բավականին բարդ աշխատանք է կատարվել, մենք մեր շուրջն ենք հավաքել մետրոպոլիտենի աշխատանքին տեղյակ բոլոր մասնագետներին, որոնք այս պահին Հայաստանում են և համախմբված կարողացանք անցկացնել այդ մրցույթը, որը վերաբերում է նախագծման փուլին: Մրցույթի նախապատրաստումը և անցկացումը տևեց համարյա մեկուկես տարի: Այս պահին մենք հասել ենք ավարտական փուլին. մրցույթն ունեցավ հաղթող, որի հետ արդեն ստորագրվել է պայմանագիր»,- նշել է քաղաքապետը:

«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը հանդիպման ընթացքում քաղաքապետին է ներկայացրել Աջափնյակի կայարանի նախագծման էսքիզային տարբերակները:

«Ինձ թվում է՝ մետրոպոլիտենը, քաղաքի զարգացման տեսակետից, շատ բան է որոշում, և երբ մետրոն նախագծվում է մինչև հիմնական շինարարությունը, նշանակում է , որ քաղաքն ապրում է, իսկ մարդկանց միջև կապը՝ ընդլայնվում, քանի որ նրանք կարող են քաղաքի մի հատվածից հասնել մյուսը: Պետք է ինչ-որ բանից սկսել, և այն, որ մենք հաղթեցինք մետրոյի նոր կայարանի փոքրիկ մի հատվածի նախագծման մրցույթում, դա նույնպես լավ սկիզբ է ու նշանակում է, որ պետք է առաջ ընթանալ: Նկատելի է, որ քաղաքային իշխանությունը մտածում է ռազմավարական լուծումներ գտնել նոր շենքերի կառուցման, տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետ զարգացման համար՝ անգամ սահմանափակ հնարավորություններով,- նշել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը:

«Մետրոգիպրոտրանս» ընկերությունն, ի դեպ, Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Ծրագրին շահավետ պայմաններով պատրաստ է աջակցել Արտահանման վարկերի ապահովագրությա ռուսաստանյան գործակալությունը։

«Մենք այդ միջոցներով երևի կկարողանանք թարմացնել նաև հին մետրոպոլիտենի ենթակառուցվածքները, ու նաև կարող ենք նախատեսել քաղաքի այն հատվածները, դեպի ուր կարող են ընդլայնվել կայարանները»,- ասել է Վալերի Աբրամսոնը:

«Վեց ամսվա ընթացքում պետք է ֆինանսավորվի այս նախագիծը, որպեսզի աշխատանքներն սկսվեն: Ուզում եմ տեղեկացնել, որ մետրոպոլիտենը հանդիսանում է պետական գույք, սա համայնքային գույք չէ, ուստի և ֆինանսավորումը պետք է արվի պետական բյուջեից, ոչ թե համայնքի բյուջեից: Մենք բոլորս էլ գիտենք, որ այսօր բավականին լուրջ խնդիրներ կան հանրապետությունում, և ես հուսով եմ, որ այդ խնդիրները հաղթահարելի են, որպեսզի նաև ֆինանսներ գտնվեն մետրոպոլիտենի համար»,- նշել է Հայկ Մարությանը:

Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում է Հրազդանի վրայով կամուրջ կառուցել միայն մետրոյի համար, «Մետրոգիպրոտրանսն» առաջարկում է նաև երկրորդ հարկ կառուցել ավտոմեքենաների կամ հետիոտնի համար: Զրույցի ընթացքում կողմերը նկատել են, որ ցանկալի է նախընտրել ստորգետնյա կայարանի կառուցումը՝ կամրջի վրայի կայարանի փոխարեն, քանի որ ստորգետնյա կայարանները շատ ավելի հարմար են մետրոյից օգտվող մարդկանց համար եւ զանազան ենթակառույցների զարգացման հնարավորություն են տալիս:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնին է փոխանցել մետրոյի «Աջափնյակ» կայարանի հատվածի նախագծման ստորագրված պայմանագիրը:

Հայերեն English

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին

ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Մարկ Ռյուտտե

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Հայաստանի բասկետբոլի թիմի անդամ Յուրա Մելիքյանն ակումբային կարիերան կշարունակի Բուլղարիայում

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է ԱՄՆ թիմին

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանի և Սլովենիայի վարչապետներն անդրադարձել են ՀՀ–ԵՄ համագործակցությանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Ամերիկայի հրեական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ