ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, նշելով, որ վարչապետը, պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ հայ-իտալական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման գործում:
«Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Իտալիայի միջև քաղաքական և տնտեսական փոխգործակցության շարունակական առաջընթացի ապահովումը և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների: Առանձնակի կարևորվել է նաև երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումը, այդ թվում՝ գործարար ֆորումների անցկացմամբ ու բիզնես կապերի խթանմամբ: Նիկոլ Փաշինյանը ջերմությամբ է հիշել 2019 թվականին Իտալիա կատարած պաշտոնական այցը և կարևորել երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Ալֆոնսո Դի Ռիզոն վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը՝ նպաստելու երկու պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը: Դեսպանը ևս ընդգծել է առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և հավելել, որ իտալական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային նոր ծրագրերի քննարկմամբ ու իրականացմամբ:
Զրուցակիցները հեռանկարային են համարել տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը՝ շեշտելով, որ առկա է մեծ ներուժ: Կողմերը քննարկել են հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացմանը, առաջիկայում նիստ անցկացնելու հնարավորությանը, ինչպես նաև՝ առողջապահության, արդարադատության և այլ բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցեր: