Պաշտոնական

Մեծ պոտենցիալ` հայ-ռուսական գիտական համագործակցության ոլորտում. վարչապետն ընդունել է ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահին

2 րոպեի ընթերցում

Մեծ պոտենցիալ` հայ-ռուսական գիտական համագործակցության ոլորտում. վարչապետն ընդունել է ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևին:

«Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտության ոլորտում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այցի ընթացքում կքննարկվեն համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման հնարավորությունները` արդյունավետ փոխգործակցություն ապահովելով երկու երկրների գիտական հանրույթների համար: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ գիտության ու կրթության ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում է. 2022 թվականի համար գիտության ոլորտին ուղղվող ֆինանսական միջոցներն ավելացվելու են 85 տոկոսով, ինչն այս ոլորտում Կառավարության տեսլականի ապահովմանն ուղղված կարևոր ցուցանիշ է»,- այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Ալեքսանդր Սերգեևը նշել է, որ իրենք շահագրգռված են Հայաստանի գիտնականների, գիտաշխատողների հետ համագործակցության ընդլայնմամբ՝ հավելելով, որ կոնկրետ առաջարկների շուրջ քննարկումներ են ընթանում: ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահի խոսքով՝ ԽՍՀՄ տարիներին հայ և ռուս գիտնականների միջև փոխգործակցությունը եղել է բարձր մակարդակի վրա, հայ գիտնականներն իրենց զգալի ավանդն են ներդրել ոլորտի զարգացման գործում:

Ալեքսանդր Սերգեևը կարևորել է գիտական նոր մշակումների, փորձի փոխանակման, երիտասարդ մասնագետների կրթության ու որակավորման բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է գիտության ոլորտում հայ-ռուսական կապերի ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները և նշել, որ ՀՀ կառավարությունն ամեն կերպ կաջակցի դրանց հաջող իրականացմանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ գիտության ոլորտը ևս կարող է դառնալ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում